«Ադրբեջանական կողմը խոսում է այն մասին, որ Փաշինյանի առջև նոր պայմաններ են առաջ քաշվել»․ Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Ադրբեջանական կողմը տեղեկատվական տիրույթում ակտիվորեն ցույց է տալիս, որ չի պատրաստվում որևէ թուղթ ստորագրել Հայաստանի հետ, անգամ հայկական կողմի միակողմանի զիջումներից հետո։
Ավելին, ադրբեջանական կողմը շատ պարզ տեքստով խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի առջև նոր պայմաններ են առաջ քաշվել, որոնք չկատարելու դեպքում ադրբեջանական կողմը ոչ մի քայլի չի գնալու։
Ուշագրավ է, որ ուղիղ տեքստով խոսվում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական կողմի աջակցությունը գալիք խորհրդարանական ընտրություններում ստանալու համար դեռ պայմաններ ունի կատարելու, և ես կարծում եմ մեր ուշադրությունը պետք է սևեռվի հենց այդ ուղղությամբ»։
***
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դեռևս վաղ է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրը, հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։
Նա ասել է․ «Ադրբեջանական կողմը ներկայումս սպասում է Հայաստանի Սահմանադրության համապատասխան փոփոխություններին՝ հանելու 1990-ականներից ի վեր մեր ինքնիշխան տարածքների նկատմամբ պահանջները և Մինսկի խմբի լուծարմանը։ Ադրբեջանական կողմը դա առաջարկում էր արդեն որոշ ժամանակ՝ համարելով, որ հակամարտությունը լուծված է։ Ցավոք, հայկական կողմը մինչ օրս չի միացել համատեղ կոչին։ Հուսով ենք, որ Հայաստանը մեզ կտեղեկացնի իր իրական մտադրությունների մասին։ Հաշվի առնելով Հայաստանում ռևանշիստական ուժերի գործունեությունը, մենք սա լուրջ ռիսկ ենք համարում»,- ասել է Ադրբեջանի ներկայացուցիչը։
Որպես Ադրբեջանի քաղաքականությունը քիչ թե շատ ճանաչող մարդ, շարունակում եմ պնդել՝ պետք չի ռեսուրս ու ժամանակ վատնել երևակայական թղթերը մերժելու վրա, Փաշինյանը միակողմանի զիջումներով շատ ավելի վտանգավոր վիճակ է ստեղծել մեր պետության շուրջ, քան մեզ թվում է, ուստի պետք է ուղղել ջանքը այդ մարտահրավերների չեզոքացմանը, կամ դրանց պատրաստվելուն։ Ադրբեջանին թուղթ պետք չի, ինչ պետք է, իրենք ստանում են Փաշինյանի միջոցով՝ առանց որևէ բան դիմացը տալու»։