Այն, ինչ այսօր արվում է Հայաստանի իշխանությունների կողմից, կարող է բերել պատերազմի, այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
«Հայաստանից տրվում են անկլավներ՝ տարածքներ, որոնք էապես ազդելու են մեր անվտանգության վրա։ 85-100 հազար ադրբեջանցիներ բնակեցվելու են այդ տարածքներում, սրանք լրջագույն խնդիրներ են։ Փաստորեն, Արցախն իր բնակչությամբ լուծարվելու է Ադրբեջանի մեջ, իսկ 100 000 ադրբեջանցի, որոնք գալու են Հայաստան, նրանք ոչ թե լուծարվելու են մեր մեջ, այլ, հավանաբար, նրանք լուծարելու են այդ շրջանների հայ բնակչությանն իրենց մեջ։ Սա բոլորովին այլ խնդիր է, 44-օրյա պատերազմից հետո հապճեպ գնալ նման լուծման, հավատացեք, սա նոր հակամարտության դուռ է բացելու»,- ասում է նա։
Նա պնդում է՝ այն, ինչ անում է Հայաստանի իշխանությունը, իրատեսական չէ։
«44-օրյա պատերազմի պատճառներից մեկն այն էր, որ դուք անիրատեսական ակնկալիքներ առաջացրեցիք հակառակորդի մոտ, իսկ երբ դա տեղի չունեցավ, նրանք ստիպված էին գնալ պատերազմի ու այս պարագայում միջնորդները ոչինչ չեն կարող անել»,- նշում է Օսկանյանը։
Նա կրկին վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրում է լռել, կամ՝ հրաժարական տալ։