Այսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում՝ Ոսկևազ-Ագարակ գյուղեր տանող ճանապարհների խաչմերուկում, բախվել են Շիրակի մարզի Անի քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Արմեն Սուքիասյանի վարած Газель մակնիշի 2075 Լ համարանիշի և Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ՝ 49-ամյա Գևորգ Ավոյանի վարած Volkswagen մակնիշի 34 MP 852 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը` բախման հետևանքով Газель-ը կողաշրջվել է, իսկ նրա վարորդ Ա. Սուքիասյանն ու ուղևորներ՝ 22-ամյա Լիլիթ Ներսիսյանը, 30-ամյա Ռոստամ Բալաբեկյանը, 27-ամյա Ավետիք Վարոսյանը, 18-ամյա Հռիփսիմե Վարոսյանը և 16-ամյա Դիանա Բալաբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն։ Բոլոր վիրավորները Շիրակի մարզի Բագրավան և Զիթանքով գյուղի բնակիչներ են։