Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գրառում է կատարել սոցիալական ցանցում՝ դիմելով Վրաստանի հայազգի բնակչությանը։
«Իմ թանկագին հայ հայրենակիցներ,
Մեր ընդհանուր հայրենիքի՝ Վրաստանի ճակատագիրն է որոշվում։ Մի վախեցեք անցողիկ կառավարությունից, գնացեք ընտրության և գունավորեք ընդդիմությունը՝ հոկտեմբերի 26-ին 5 համարը։
Իմացե՛ք, Վրաստանի եվրոպական ուղի վերադառնալուց է կախված նաև մեր հարևան Հայաստանի լինել-չլինելը, ինչպես նաև Կովկասում խաղաղության ճակատագիրը։
Ես ապավինում եմ Ձեր հայրենասիրությանը և իմաստությանը։
Ձեր՝ Միխեիլ Սաակաշվիլի»,– գրել է Սաակաշվիլին։
***
Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի ավանտյուրիստ, Միխեիլ Սահակաշվիլի անունով, հայերենով դիմել է Վրաստանում ապրող հայերին՝ «ապավինելով նրանց հայրենասիրությանն ու իմաստությանը»:
Չէի անդրադառնա այս կեղտոտ արարածին, եթե սա իր այս կապիկությունը չաներ Վրաստանի համար ճակատագրական օրվա նախօրեին:
Բատոնո՛ Միշիկո, հայ ժողովուրդը լավ է հիշում այն չեկիստական, դժոխային, այլանդակ տարիները, որ դու բերեցիր քո «եվրոպական ուղիով»: Ջավախքի շրջաններում, Թբիլիսիում և այլուր լավ ենք հիշում ամեն ինչ, չափազանց լավ, երբ
- սպանեցիր հայ մշակութային կյանքը, ջավահայությանը հռչակեցիր խուլիգան ու ամենուր հիմնեցիր ոստիկանատներ,
- քո շրջանում Ջավախքում քիչ էին ընտանիքները, որ պայմանական դատված անդամ չունենային, դու խլեցիր ջավախահայերից այդ ճանապարհով միլիարդավոր լարիներ,
- քո նշած «հարևան Հայաստանի» հետ մշակութային - հոգևոր կապը քո օրոք ոչնչացավ, մարդիկ սարսափում էին ՀՀ-ից գալ Ջավախք, Թբիլիսի, Բաթում և շփվել տեղի հայության հետ,
- բազմաթիվ հայերի մուտքը արգելվեց Վրաստան՝ զուտ քաղաքական պատճառով (ցավոք, այդ հարցը մինչ օրս չի լուծվել),
- ՀՀ-ից գիրք-գրականության և մշակութային իրերի բերելը Վրաստան, այդ զզվելի տոտալ արգելքը հենց քո օրոք եղավ. սահմանին մարդիկ հարցաքննվում էին, եթե նրանց մոտ հայտնաբերվեին անգամ Պարույր Սևակի կամ Շիրազի գրքերը,
- անգամ ուսուցչանոցում մի «բոնբոնիերկա» բացելու համար շրջանային ժողկրթբաժինից հրատապ զանգ էր գալիս դպրոց, իսկ Ապրիլի 24 կամ Մայիսի 28 նշող ուսուցիչներին քո բոլշևիկյան ԿԳԲ-ն կանչում էր հարցաքննության,
- իրենց սիրելի դպրոցներից հալածվեցին, հեռացվեցին բազմաթիվ նվիրյալ ուսուցիչներ (որոնց թվում նաև 30-ամյա մանկավարժ մայրս), իսկ մնացողները աշխատում էին վախի ու սարսափի մթնոլորտում,
- հասցրել էիր նրան, որ Ջավախքում հայկական խնդիրների մասին խոսելը համարվում էր հանցագործություն, և այդ հարցերը բարձրացնող մարդիկ չգիտեին անգամ, թե այդ օրը տանից դուրս գալով՝ այդ օրը ողջ-առողջ կվերադառնա՞ն տուն, թե՞ Սահակաշվիլի-Մերաբիշվիլու չեկան իր ամենակուլ երախում կոչնչացնի իրենց,
- քո օրոք հալածվեցին, դատվեցին կամ երկրից վտարվեցին բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ,
- Չեկա-ԿԳԲ-իդ ստորաբաժանումները գիշերուզօր վերահսկում էին Ախալքալաքի, Ախալցխայի երիտասարդական-մշակութային-բարեսիրական կենտրոնները, շինծու գործերով ներխուժում որոշ երիտասարդական կենտրոններ՝ սարսափի մեջ պահելով սաներին, հոշոտվեցին ու փակվեցին որոշ կենտրոններ,
- Չեկա-ԿԳԲ-իդ ստորաբաժանումները տոտալ արգելեցին այսօր հանկարծ սիրելի դարձած «հարևան Հայաստանից» մշակութային, համերգային, սպորտային և այլ խմբերի մուտքը Վրաստան (Ջավախքի շրջաններ), մարդիկ սարսափով էին կազմակերպում մշակութային միջոցառումներ,
- քո օրոք քո «հարևան Հայաստանը» օղակվեց թյուրքական շղթայով, քո մայրիկ Գյուլի Ալասանիայի սիրելի թուրքերի ու ադրբեջանցիների հետ հսկա նախագծեր արեցիր, որոնց նպատակն էր պարանով խեղդել Հայաստանը,
- 2006-2010 թվականներին քո հիվանդագին, մոլագար հակառուսական քաղաքականության հետևանքով «հարևան Հայաստանի» համար փակ էր Վերին Լարսը, և երկիրը խեղդվում էր արտաքին աշխարհ ցամաքային ելքի գրեթե բացակայությունից...
Բատոնո՛ Միշիկո, այսօրվա պես աչքիս առաջ է ջավախահայ մոր ու մանկան մղկտոցը, որոնց ձեռքից քո Չեկա-ԿԳԲ-ի ներկայացուցիչները սահմանին խլում էին Երևանից գնված գեղարվեստական գրքերը, դու դա չե՛ս մարսելու, ցեղասպան տականք...
Շարքը երկար կարելի է, բայց հերիք է. չե՛մ ուզում, իմ հայրենակից ջավախահայերը կրկին հիշեն այդ սարսափելի տարիները: Գրեցի էսքանը, քանզի չե՛մ ուզում, որ քո հրեշի այլանդակ կերպարովդ վերստին խաբես ու մոլորեցնես Վրաստանում ապրող, Վրաստանի պետությանն անմնացորդ նվիրված ու հավատարիմ, պարզ ու շիտակ մեր հայերին: Քեզ նման մեկը կա Երևանում, դա հերիք է: Ավելին, դու անբարոյակա՛ն ես, և անբարոյականությու՛ն է քո կողմից «ապավինել Վրաստանում ապրող հայերի հայրենասիրությանն ու իմաստությանը», քանզի դու հալածում, բանտարկում ու վտարում էիր վիրահայ հայրենասերներին ու իմաստուններին....
Վրաստանում ապրող իմ հայրենակիցնե՛ր, ինձ իսկապես ճիշտ հասկացեք, Բիձինա Իվանիշվիլու իշխանությունը սուրբ չի, ավելին, որպեսզի իմ անկեղծության վրա չկասկածեք՝ ասեմ, որ հենց ներկա իշխանության օրոք է իմ մուտքը արգելվել Վրաստան, որը մինչ օրս լուծում չի ստացել: Բայց խնդիրը անանձնական ու համակարգային է, և ես հստակ տեսնում եմ լավագույն հիմքեր, որ Բիձինա Իվանիշվիլու իշխանության հետ տքնաջան աշխատելով կարելի է հասնել բազմաթիվ հաջողությունների, և այս դեպքում շատ բաներ կախված է նաև հենց մեզանից:
Փոխարենը, եթե ուզում եք հիմնովին ոչնչանալ, կտրվել ՀՀ-ից, եթե ուզում եք թուրքական յաթաղան ու պարան, եթե ուզում եք նորից Լարսի փակում ու դեպի ՌԴ վիզաների չեղարկում, եթե ուզում եք, որ ԿԳԲ-ն վերստին ձեզ ահ ու սարսափի մեջ պահի, եթե ուզում եք հետ գան դեպի ՌԴ հանապազօրյա հաց վաստագելու գնալու համար վիզա մուրալու տխրահռչակ տարիները, ապա ձայն տվեք այս արևմտաթուրքական գործակալին, Վրաստանի հայության այս դահիճին, որի անունն է՝ Միշա Սահակաշվիլի:
Հ.Գ. Եվ վերջում, բատոնո Միշա, քեզ կհիշեցնեմ նշանավոր Հենրիկ Իգիթյանի խոսքերը՝ ուղղված Մ. Գորբաչովին. «Բոզին բոզություն է հասնում»: Քեզ հասնում է բանտն ու տառապանքը, իսկ քո հանցագործ կուսակցությանը՝ քաղաքական մահն ու պատմության աղբանոցը, որը կլինի մի քանի օրից»։
***
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի գրառումը․ «Խստորեն դատապարտում եմ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլիի և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից՝ իրենց նախընտրական խոսքում «Հայաստանի ճակատագրին» անդրադառնալուն։
Մասնավորապես, նախագահները նշել են, որ Վրաստանի խորհրդարանի ընտրություններից է կախված նաև Հայաստանի լինել-չլինելը։
Անթույլատրելի է Վրաստանի քաղաքացի հանդիսացող հայերի ձայները ստանալու համար նման ձևակերպումներով անդրադառնալ Հայաստանի Հանրապետությանը։
Հայ-վրացական հարաբերությունները միշտ գտնվել են բարձր մակարդակի վրա և վստահ եմ, շարունակելու են լինել այդպիսին անկախ ընտրությունների արդյունքներից»։