epress.am-ը գրում է. Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի արդարացման վճռից հետո՝ 1 տարի անց, Վերաքննիչ դատարանը մեղավոր է ճանաչել 2013 թվականին 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի սպանության փորձի մեջ մեղադրվող Վանաձորի բնակիչ Կարեն Կունգորցևին։ Դատարանը բեկանել է 1-ին ատյանի վճիռը և երիտասարդին դատապարտել է 7 տարվա ազատզրկման։ Կունգորցևին դատարանի դահլիճից տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ։ Վճռի հեղինակներն են դատավորներ՝ Մհեր Արղամանյանը, Մանուշակ Պետրոսյանը և Մխիթար Պապոյանը։
Կարեն Կունգորցևի շահերը պաշտպանող Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Նինա Կարապետյանցը զրույցում նշել է, որ երիտասարդին դատապարտել են առանց որևէ ապացույցի։ Նրա կարծիքով՝ տեղի ունեցածը վրեժխնդրություն է՝ ուղղված Կունգորցևի փաստաբան Արայիկ Պապիկյանի դեմ, որը նաև պաշտպանում է «Սասնա ծռերի» գործով անցնող մի քանի մեղադրյալների շահերը։
Կարապետյանցը նշել է նաև, որ իրենք պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան։
Կարեն Կունգորցևին անմեղ ճանաչելու աննախադեպ որոշումը 2016 թվականի ապրիլի 15-ին կայացրել էր Լոռու մարզի առաջին ատյանի դատավոր Նարինե Հովակիմյանը, ում չէր խանգարել դատախազի 9.5 տարվա ազատազրկման պահանջը։
Ազատ արձակվելուց հետո Կունգորցևը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարևորել էր այն փաստը, որ սպանված պատանու հայրը՝ Հակոբ Հովակիմյանը, պայքարել է իր ազատման համար, քանի որ վստահ է եղել, որ ինքն անմեղ է։
Կունգորցևը նաև պատմել էր, թե ինչպես են 2013 թվականի հոկտեմբերին ոստիկանները եկել իր աշխատավայր ու առանց բացատրությունների ձեռնաշղթաներով տարել ոստիկանության բաժանմունք․ «Ինձ ստիպում էին, որ ստորագրեմ թղթերի տակ, որոնց մասին տեղյակ չէի, ծեծելով ստիպում էին, որ մեղքն իմ վրա վերցնեմ, ասում էին՝ եթե իրենց ասածով անեմ, ամեն ինչ լավ կլինի։ Ինձ խոշտանգելու առթիվ 600 դիմում եմ ուղարկել բազմաթիվ կազմակերպություններ և գերատեսչություններ, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձրել դրանց»։
Ավելին՝