Մեծանուն դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական ելքով ավտովթարին ես եւ շատերը մինչ այժմ չենք անդրադարձել, քաջ գիտակցելով, որ դրա արդյունքում երկու մատաղ կյանք անդարձ հեռացել են իրենց ընտանիքներից, մի քանիսն էլ վնասվածքներ ստացել, պատկերացնելով վշտի ծանրությունն ու սգի հավերժությունն այդ ընտանքիներում, ու նաեւ չկասկածելով, թե որքան ծանր են ապրումներն ու մեծ է մեղքի զգացողությունը մեծանուն դերասանի մոտ /թեպետ մինչեւ այժմ ոչ մեկս չգիտի, թե ի՞նչ է տեղի ունեցել եւ ո՞րն է եղել ավտթովթարի իրական պատճառը/:
Սակայն, անասելի տհաճ է դառնում այն, ինչ այլեւս կատարվում է Վարդան Պետրոսյանի շուրջ եւ դրա մեղավորը ոստիկանությունն է: Առնվազն անադեկվատ պետք է լինել կարծելու համար, թե ծանր վիրահատություն տարած ու ստացիոնար բուժման կարիք ունեցող դերասանը փախչելու է հիվանդասենյակի կամ իր բնակարանի մահճակալից, ու դրա «պատճառով» պետք է որոշում ընդունել նրա խափանման միջոցը կալանք ընտրելու մասին, ապա մասկի-շոու բեմադրել հիվանդանոցում, որն էլ «ուղիղ» հեռարձակվի ԶԼՄ-ներով:
Խափանման միջոցի հազար ու մի ձեւ կա՝ ստորագրություն քաղաքից ու երկրից չբացակայելու մասին, գրավ եւ այլն: Այն, որ այդ միջոցները կարող են կիրառելի լինել Վարդան Պետրոսյանի դեպքում, կարծում եմ, ոչ մեկի կամ առնվազն մեծամասնության մոտ կասկած չի հարուցում: Այս մի թատերական ներկայացումը քիչ էր, հիմա էլ քննիչի «հարցաքննության» թատրոններն են... Ուստի, կոչ եմ անում վերջ տալ այս գործելաոճին, լուռումունջ, առանց մասկի-շոուների համակողմանի քննել կատարվածը: Վարդանը փախչող եւ պատասխանատվությունից խուսափող տեսակ չէ...
Հ.Գ. Ինքս իմ ընտանիքի անդամների հետ միասին տարիներ առաջ՝ 2005թ. ավտովթարի զոհ դարձանք, որը բարեբախտաբար ավարտվեց կոտրվածքներով /թեպետ՝ լուրջ ու երկար բուժում պահանջած/: Քանի որ մարդկային կորուստ չկար, գոնե իմ համար դժվար չէր մարդկայնորեն ներել մեղավորին, ով ղեկին հարբած էր նստել ու ներխուժել էր մեր երթեւեկելի գոտի: Գիտակցում եմ, որ եթե պարզվի, որ մեր սիրելի դերասանը իր մեղքի բաժինն ունի կատարվածում, ապա զոհ տված կողմի համար չափազանց դժվար, եթե չասեմ՝ անհնար կլինի հանցանքը ներելը, ինչպես ես կամ շատերն ենք ներել այլոց:
Այդուհանդերձ, ներելու իրավունքը նրանցն ու օրենքին է: Ես կոչ չեմ անում ներել որեւէ մեկի հանցանքը /անկախ նրանից՝ նա դերասան է, թե սովորական քաղաքացի/, բայց կոչ եմ անում չշահարկել ու բեմականացման առարկա չդարձնել այս ողբերգությունը: Այլապես տպավորություն է ստեղծվում, թե հարցաքննում եք կրկնահանցագործի, որ գնացել է դիտավորյալ սպանության...