Դեկտեմբերի 20-ին դաժան ծեծի են ենթարկվել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի 22-ամյա եղբորորդի Հրաչյա Պողոսյանին: Ըստ Operativ.am-ի վեճը ծագել է այն բանից, որ Հրաչյա Պողոսյանի քրոջը, ով սովորում է 114 դպրոցի 6-րդ դասարանում, ձնագնդիով հարվածել են նույն դպրոցի աշակերտները, ովքեր քրեական աշխարհում հանցավոր հեղինակություն ախալքալաքցի վաղամեռիկ Ադալի որդիներն են:
Հրաչյա Պողոսյանի քույրն այդ մասին հայտնել է եղբորը: Վերջինս եկել է դպրոց, կանչել Ադալի որդիներին և զգուշացրել, որ նման բան չանեն: Հաջորդ օրը, ախալքալաքցի տղաները հավաքվել են մոտ (25-30 հոգի) և գնացել հաշվեհարդար տեսնելու: Նրանց կազմակերպողը և հրահրողը եղել է «Ալավերդյանցի Կոկոն», ով վարչապետի ազգականն է:
Նրանք սկզբում զանգահարել են Հրաչյա Պողոսյանին, համոզել, որ գա Վարդանանց փողոցի վրա գտնվող «Եվրոպա» սուպերմարկետի մոտ, որպեսզի հարթեն ծագած խնդիրը: Սակայն, Հրաչյայի ժամանելուն պես, առանց որևէ խոսք ասելու, մոտ 25 հոգով դաժան ծեծի են ենթարկել նրան' պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ' կոտրելով քիթը, վնասելով ծնոտը: Ներկա պահին Հրաչ Պողոսյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում, որտեղ այսօր կրկին ենթարկվել է քթի վիրահատության: