ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Վանաձորի խաղասրահում երկու անձի դանակահարելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անչափահասը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի հունիսի 08-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում էր ստացվել առ այն, որ «որովայնի ծակած-կտրած թափանցող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Լոռու մարզի Թումանյան համայնքի բնակիչ, 1997թ. ծնված Արշակ Պողոսյանը և Վանաձոր քաղաքի բնակիչ, 1994 թ. ծնված Մերուժան Եղինյանը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Իրականացված անհրաժեշտ մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը:
Նախնական քննության տվյալներով՝ տուժողները դեպքի օրը՝ 2016 թվականի հունիսի 8-ին, գտնվել են Վանաձոր քաղաքի խաղասրահներից մեկում, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել՝ սեղանի թենիսի գնդակը դիպչելու և այդ կապակցությամբ ներողություն չխնդրելու պատճառով։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ նշված վիճաբանության ժամանակ Վանաձոր քաղաքի անչափահաս բնակիչը սուր ծակող-կտրող գործիքով երկու անգամ հարվածել է Արշակ Պողոսյանին և մեկ անգամ՝ Մերուժան Եղինյանին՝ վերջիններիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս և դիմել փախուստի:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը 2016 թվականի հունիսի 14-ին որոշում է կայացրել՝ անչափահասին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Վերջինս հայտնաբերվել է ՌԴ ՆԳՆ Ստավրոպոլ քաղաքի օդանավակայանի գծային բաժնի իրապահների կողմից և տեղափոխվել Հայաստան։ Նոյեմբերի 25-ին անչափահասին Լոռու մարզային քննչական վարչության քննիչի կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Վանաձորում 2 բնակչի դանակահարելու համար մեղադրանք է առաջադրվել 17-ամյա պատանուն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet