Աստված չանի... եթե Վարդան Պետրոսյանը ավտովթարից մահացած լիներ, վստահ եմ` մեր ազգը մի կարգին սուգ կկազմակերպեր: Մի քանի շաբաթ, նույնիսկ ամիսներ շարունակ կողբար ու գովեստի և մեծարման խոսքերով կողողեր համացանցերը: Հեռուստաալիքները, ռադիոալիքները և նույնիսկ թերթերը շատ երկար ու հուզիչ մեկնաբանություններով կհիշատակեին՝ ՄԵԾ դերասան և իր ազգի սիրելի զավակ Վարդան Պետրոսյանի անունը:
Բայց, արի ու տես, որ նա կենդանի է մնացել, և կենդանի է մնացել միայն Աստծո կամոք: Ու կատարվածը դիտավորություն չէր, այլ սխալմունք` միակողմանի, երկկողմանի... Կատարվածն իսկի կատարված էլ չէր, այլ պատահար` դժբախտ պատահար:
Իսկ ի՞նչ ենք անում մենք... Տպավորությունն այնպիսին է, որ ասես մենք չենք սիրում դժբախտ պատահարից հետո ողջ մնացածներին: Մի՞թե դա մարդկային է: Մի՞թե կարելի է քարկոծել նրանց, ովքեր կենդանի են մնում նման դեպքերում, ում` նման դեպքերում հենց միայն կենդանի մնալու մեղքի զգացողությունը բավարար է տասը կյանք տվայտվելու ու տոչորվելու համար: Արդյո՞ք նման վարվելակերպը քրիստոնեային վայել է: Իսկ ու՞ր մնաց մեր կարեկցանքը, մեր խիղճը, մեր խոհեմությունը, ընկածին օգնության ձեռք մեկնելու կամեցողությունը:
Սիրելինե՛րս, Վարդանը և նրա նմանները պետք են մեր ազգին: Մենք պետք է օգնե՛նք նրան ոտքի կանգնել, ու՛ժ տանք նրան: Համոզված եմ` հիմա նրան ամենից շատ պետք է մեր սերը առ իրեն, քանզի ինքն էլ, համոզված եղեք, միշտ էլ սիրել է ու կսիրի իր հայրենիքը, իր ժողովրդին, իր հանդիսատեսին: Նման դերասանի համար եթե չկա հանդիսատես, կնշանակի` ինքնել է մահացել այն դժբախտ պատահարի օրը:
Մենք բոլորս միասին պետք է օգնենք, որպեսզի որոշ չափով խաղաղեցնենք նրա խռովված հոգին, օգնենք նրան բարձրանալ` և ոչ թե միայն ոտքի, այլ բարձրանալ բեմ, որովհետև այնտեղ է նրա տեղը:
Կարոտով սպասում ենք Քեզ կրկին տեսնել բեմի վրա, սիրելի Վարդան Պետրոսյան:
Հեղինակ` Տիգրան Ավանյան
Տեսանյութը՝ VideoGrabber Armenia յութուբյան էջ