ՕրագիրՆյուզ-ը գրում է․ 2022 թվականի սկզբին Հայաստանի և Թուրքիայի միջև վերականգնվեց օդային հաղորդակցությունը, որի շրջանակներում 2 երկրների քաղաքացիները փոխայցելություններ կատարելու և միմյանց մշակույթներին ծանոթանալու ավելի լայն հնարավորություններ ստացան։ Այս պայմանավորվածությանը, որը հանրությանը մատուցվում էր որպես մեծ ձեռքբերում և Թուրքիայի կողմից կատարված զիջում, թեպետ՝ իրենից ոչ մի նոր բան չէր ներկայացնում. մինչև 2020 թվականի փետրվարն էլ Երևան-Ստամբուլ և հակառակ ուղղություններով կանոնավոր ուղիղ չվերթներ իրականացվում էին, սակայն դրանք դադարեցվել էին, քանի որ թուրքական ավիաընկերությունը սնանկացել էր։
Օդային հաղորդակցության վերականգնումից հետո Հայաստանի քաղաքացիները այցելում են Ստամբուլ և Անթալյա՝ հիմնականում առևտրային ու զբոսաշրջային նպատակներով, Թուրքիայի քաղաքացիներն էլ՝ Երևան, այստեղից էլ՝ Հայաստանի տարբեր քաղաքներ՝ Գյումրի, Վանաձոր և այլն։ Թեպետ օդային հաղորդակցությունը վերականգնելու որոշումը Հայաստանում իրարամերժ գնահատականների արժանացավ, սակայն մեծ հաշվով դա բխում էր երկու երկրների՝ հիմնականում գործարար շրջանակների շահերից, ովքեր այդ ճանապարհով սեփական ծառայությունները ներկայացնելու ու լրացուցիչ շահույթներ ապահովելու ավելի լայն հնարավորություններ էին ստանում։
Նկատենք՝ Հայաստան այցելող Թուրքիայի քաղաքացիները, երբեմն անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում մեր երկրի ու մեր հայրենակիցների նկատմամբ, լուսանկարում ու ծաղրում են իրենց հանդիպած շարքային քաղաքացիներին, ինչպես նաև ՀՀ-ից արված հրապարակումներում հանդես են գալիս հակահայկական հռետորաբանությամբ։ Վերջիններս շատ հաճախ նաև ապատեղեկատվություն են տարածում՝ պնդելով, որ իբր Հայաստանում իրենց նկատմամբ խտրական վերաբերմունք է ցուցաբերվել և այլն։
Հատկանշական է, որ Հայաստան այցելող թուրքերի շրջանում մեծ թիվ են կազմում նաև բլոգերները, ովքեր սոցիալական կայքերում ունեն մեծ լսարան՝ շատ հաճախ ոչ միայն Թուրքիայից և Ադրբեջանից, այլև աշխարհի բազմաթիվ այլ երկրներից ու իրենց լսարանին ՀՀ-ի վերաբերյալ ապատեղեկատվություն են տարածում՝ փորձելով հարվածել մեր երկրի միջազգային հեղինակությանն ու իմիջին։ Հաստատապես կարող ենք պնդել, որ հիշյալ բլոգերների գործունեությունը համակարգվում և վերահսկվում է իրենց երկրների պատկան գերատեսչությունների կողմից, ինչն էլ վկայում է այն մասին, որ դրանք Թուրքիայի պետական քաղաքականության դրսևորումներին։ Այս իրողությունը ևս մեկ անգամ փաստում է, որ թուրքական կողմը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մտադրություն չունի ու ամեն կերպ՝այդ թվում նման միջոցներով փորձում է մեծացնել ՀՀ-ի նկատմամբ իր ազդեցությունը։
Թուրք բլոգերները իրենց կողմից հրապարակված տեսանյութերով փորձում են նաև քաղաքական խնդիրներ լուծել՝ ցույց տալով Հայաստանն այլևս տարածաշրջանում հեղինակություն չունի ու ի զորու չէ սեփական խնդիրներն ինքնուրույն լուծել։ Վերջիններիս հրապարակումներում նաև կարմիր թելի նման անցնում է այն գիծը, թե իբր «հայերը եկվոր ժողովուրդներ են, իսկ Հայաստանի տարածքն էլ թյուրքալեզու աշխարհի մի մասն է», ինչն էլ ավելի է գրգռում իրենց թուրք հետևորդների ազգայնական տրամադրություները։
Մտահոգիչ է, որ թուրք բլոգերների գործունեությունը Հայաստանի իրավապահ մարմինների կողմից պատշաճ գնահատականի ու գործողությունների չի արժանանում, ինչից վերջիններս էլ ավելի են ոգևորվում։ Համեմատության համար նշենք, որ եթե Հայաստանի քաղաքացին Ստամբուլում կամ Թուրքիայի որևէ այլ բնակավայրում նման գործունեություն ծավալեր, ապա նա անմիջապես թուրք ոստիկանների կողմից կձերբակալվեր ու այդ երկրի օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվեր։ Հավանաբար Հայաստանի իրավապահները չեն ցանկանում ստվեր գցել խաղաղության դարաշրջանի վրա, որը Նիկոլ Փաշինյանին այդպես էլ չի հաջողվում բացել։
Կարճ ասած՝ չնայած բոլորովին դեմ չենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորվեն և երկու երկրների քաղաքացիների փոխադարձաբար միմյանց երկրներ այցելելու հնարավորություն ունենան, այնուամենայնիվ հարկ ենք համարում Հայաստանի իրավապահ մարմիններին կոչ անել, որպեսզի վերջիններս հավուր պատշաճի կատարեն իրենց ծառայողական պարտականությունները և օպերատիվ կերպով արձագանքեն թուրք բլոգերների գործողություններին, եթե վերջիններս դրանցով խախտում են ՀՀ օրենքները՝ վիրավորելով մեր քաղաքացիների արժանապատվությունը։ Հակառակ պարագայում վերջիններիս շրջանում անպատժելիության զգացումն էլ ավելի է ամրապնդվելու, ու նրանք Հայաստանում ավելի լկտի ու սանձարձակ պահվածք են դրսևորելու՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Հավելենք՝ 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստան է այցելել Թուրքիայի 8601 քաղաքացի։