▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թոշակները կբարձրանան, հետո դա քթներիցս են բերելու»

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Թոշակները կբարձրանան, հետո դա քթներիցս են բերելու» գրառմամբ։ Տեսանյութում Մարուքյանը մասնավորապես ասում է․ «Իշխանությունները նման պլան բացարձակապես չունեին և պնդում էին, որ եթե 10 000 դրամով թոշակներն ավելացնեն, ի՞նչ ա անելու թոշակառուն, մեր քննադատության արդյունքում իշխանությունը 10 000 դրամով ավելացրեց կենսաթոշակը։ Հիմա, եթե այսպիսի պլան չունեին, այդ գումարը, ըստ իրենց, ուղղել էին առողջապահությանը, էս փողը որտեղի՞ց են վերցրել․ սա նախընտրական բան է, հասկացել են, որ վարչապետի այդ հայտարությունը շատ վատ հետևանք է ունեցել։

Ժողովո՛ւրդ, իմացեք, ամեն ինչ մինչև ընտրություններ անելու են, բայց հետո, եթե ընտրվեցին, քթներիցս են բերելու։ Շատ լավ է, որ ճնշման արդյունքում բարձրացվել են թոշակները, բայց չպետք է սրանով խաբվենք»։

***

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թոշակների բարձրացումը ծայրահեղ անհրաժեշտություն է, դա անելը զուտ սեփական աթոռը պահելու համար՝ ծայրահեղ բարոյազուրկ դրսևորում։
Երբ թոշակների բարձրացումը իրականացվում է ընտություններից մի քանի ամիս առաջ, չնայած ընդամենը հունվար ամսին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «Եթե մենք, օրինակ, 20 000 դրամով բարձրացնենք թոշակը, միևնույն է, խնդիրները չեն լուծվելու», խոսում է այն մասին, որ իշխանության գործողությունների նպատակը բացառապես սեփական դիրքերի պահպանումն է գահավիժող վարկանիշի ֆոնին։ Սա նշանակում է, որ այդ հնարավորությունն առկա է եղել, բայց չեն արել՝ հույս ունենալով, որ դա կօգտագործեն իրենց պարգևավճար տալու համար։ Ու հենց դրա համար թոշակառուները պետք է պատժեն այս վարքագիծը՝ զրո ձայն տալով։
Ամո՛թ է թոշակառուների խոցելի վիճակը նախընտրական խաղալիք դարձնելը։
Թոշակառուները, ամբողջ հասարակությունը պետք է հասկանան, որ կարճաժամկետ պոպուլիստական քայլերն իրենց հետևում թաքցնում են վտանգներ, որոնք կհանգեցնեն լուրջ խնդիրների մեր պետության և ամբողջ բնակչության համար, իսկ դրա գինը հազարապատիկ բարձր է, քան 10 000 դրամը։
Հետևաբար որևէ պարագայում իշխանափոխությունն այլընտրանք չունի։ Երկիրը կործանման հասցրած իշխանությունը պետք է հեռանա՝ մեր հայրենակիցների, այդ թվում՝ թոշակառուների ընտրության միջոցով»։

***

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թոշակները չբարձրացան, երբ կենսաթոշակառուները դրա կարիքն ունեին։ Թոշակները բարձրացան, երբ ռեյտինգը դրա կարիքն ունի։
Այսինքն այս համակարգը բյուջեն և սոցիալական քաղաքականությունը հաշվարկում և ամրագրում է ոչ թե սպառողական զամբյուղով, այլ սոցհարցման աղյուսակով։
Ամեն դեպքում քաղաքականապես ֆիքսեք մեկ հանգամանք: Թոշակների չբարձրացման, իսկ հիմա բարձրացման որոշումը ֆորս մաժորային որոշում է: Դա ենթադրում է, որ ոչ «Խաղաղության» նարատիվը, ոչ «Նոր Սահմանադրության և Չորրորդ Հանրապետության» նարատիվը, ոչ «TRIPP» նարատիվը, ոչ «Նախկինների դեմոնիզացում» նարատիվը, ոչ «ՀԱԵ դեմ արշավ» նարատիվը, ոչ «Հիբրիդային պատերազմ» նարատիվը, ոչ «Սրտիկ-թմբուկ» նարատիվը որևէ կերպ չեն տեղաշարժում իշխանության ռեյտինգը ոչ վերև, ոչ ներքև: Ներքև չեն տեղաշարժում, որովհետև յուրաքանչյուր իշխանության համար առկա այս ռեյտինգը հատակն է, իսկ վերև չեն տեղաշարժում, որովհետև լեգիտիմության՝ այսինքն վստահության, հավատի, աջակցման ռեսուրսը հենց իշխանությունն այնքան է չարչրքել, մաշել և քրքրել, որ այն այլևս պիտանի չէ: Սա է պատճառը, որ անցել են մեկ ամիս առաջ մերժված, բայց այսօր ֆորս մաժորային հաստատված թոշակ բարձրացնելուն և դա կոչվում է «քաղաքական ինքնապահպանման նպաստ»:
P.S. Եթե ոմանք կմտածեն, որ «ինքնապահպանման նպաստը» իր գործը չի անելու՝ շտապեմ հիասթափեցնել՝ անելու է: Անելու է, որովհետև այս ընտրություններում ու դրանում ներգրավված ուժերի գերակշիռ մասի «դիրեկտորները» կարծես PR շիկներն են SMM շիկները, սոց.հարցման տվյալներն ու AI ալգորիթմները և ոչ քաղաքական միտքն ու ոչ գծային ու ոչ կանխատեսելի քաղաքական մտածողությունը: Այդ ամենին և կարևորը հանրության հետ հողի վրա աշխատանքին մնացել է 102 օր»:

***

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առաջարկում եմ՝ վեց ամիսը մեկ ընտրություններ անցկացնել։
Համ գերիները ետ կգան, համ բենզինի գինը կիջնի, համ թոշակները կբարձրանան, պաշտոնական այցեր կլինեն, ինչ խնդիր լինի՝ շատ արագ կլուծվի»։

***

Պատմաբան Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արսեն Թորոսյանը փաստացի 2 օր առաջ ուղիղ եթերում իրեն պատռում էր, նվնվում էր և համոզում էր հանրությանը, թե բյուջեում փող չկա, թե նորելուկ ընդդիմադիրները թող ցույց տան՝ որտեղի՞ց այդ փողը, որ թոշակները 50 տոկոս բարձրացնեն։ Դրա համար 150 միլիարդ է պետք, իսկ նախկինում ասում էր, որ 100 միլիարդ է պետք։ Արսեն Թորոսիչ, դու էլ Պապոյանի նման հաշվել չգիտես, ախր մենք հաշվել ենք 175 միլիարդ է պետք։ Եվս մի հարց, դու Նիկոլին վերջին անգամ երբ ես տեսել, որ նրա տեսաուղերձից ես բացահայտում, որ թոշակները ապրիլի 1-ից 10.000 դրամով բարձրանում է։ Կարո՞ղ է Արշակ սրբազանի վիդեոների նման ԱԲ-ով են սարքել։ Վաղը կճշտես նիստին։
Նիկոլն ասում է՝ փող կա, Թորոսյանը ասում էր՝ չկա, միակ ճշմարիտն ամենահեռատես գործիչ, տարաբնույթ հիմնարկների նախագահ Վահագն Խաչատուրյանն էր, երբ ասում էր, որ պետությունը փողի խնդիր չունի։ Դե ասողին լսող է պետք։ Հո գյոռը չի տանելու։
Հ.Գ. Ձեր նախընտրական շրջանում իրականացովող կոռուպցիոն ճանապարհային քարտեզի մասին կխոսեմ առանձին։ Ի դեպ, Սամվել Կարապետյանի թիմն էլ 300.000 աշխատատեղ է խոստանում, կարող եք դա էլ մեկ օրվա մեջ բացել, որովհետև գալիք համապետականին բան չմնաց»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее