ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 9 անձի։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ նախկինում երկու անգամ դատված, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Տ.Մարգարյանը Երևանի բնակիչ Ա.Քոչարյանի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով նախկինում երկու անգամ դատված Ռիմայի հետ նախնական համաձայնությամբ, 2013թ. հոկտեմբերի 28-ին` ժամը 22:30-ի սահմաններում, 35-ամյա Ֆիշյանին ապօրինի իրացրել են խոշոր չափերի «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող 9 դեղահաբ:
Բացահայտված մեկ այլ դրվագի համաձայն՝ Ռիման և Ա.Քոչարյանն են հանդես եկել թմրամիջոց ձեռք բերողի կարգավիճակում: Մասնավորապես՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված և ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Հ.Հովսեփյանից, ըստ նախաքննության տվյալների, Երևանի 36-ամյա բնկիչ Ղևոնդյանի օժանդակությամբ 2013թ. նոյեմբերի 11-ին` ժամը 22:30-ի սահմաններում, ձեռք են բերել խոշոր չափերի «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:
Ձեռք բերված թմրամիջոցից 0.0013 գրամը Ռիման տեղում գործածել է, իսկ մնացած մասը նույն օրը հայտնաբերվել և առգրավվել է ոստիկանության աշխատակիցների կողմից՝ Ռիմայի անձնական խուզարկությամբ և Ա. Քոչարյանի ավտոմեքենայի զննությամբ:
Ի դեպ, վերջինիս բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է նաև ռազմամթերք հանդիսացող, գործարանային արտադրության մարտական լուսածիրային թվով 39 հատ փամփուշտ։
Քննությամբ պարզվել է, որ Ֆիշյանը հոկտեմբերի 28-ին ձեռք բերած «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցն իրացրել է այլ անձանց, որոնց թվում են Նիկողոսյանն ու Մատինյանը։ Բացի այդ, բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Ֆիշյանն ավելի վաղ ևս ներգրավված է եղել թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործընթացում։ Մասնավորապես՝ 2013 սեպտեմբերի 16-ին «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբ է իրացրել «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Միրզոյանին։
Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Ֆիշյանից թմրամիջոց պարունակող դեղահաբ է ձեռք բերել նաև 28-ամյա Սիմոնյանը՝ Սարգսյանի օժանդակությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Տ.Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,
Հ.Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,
Ա.Ղևոնդյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,
Ռ.Միրզոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված, իսկ մեկ դեպքով` 266-րդ հոդվածի 1-ին մասով
Ա.Քոչարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, երկու դեպքով` 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված, երկու դեպքով` 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,
Հ. Ֆիշյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,
Ռ.Նիկողոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով,
Ս.Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով,
Ա.Սիմոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով:
Նշված մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է։ Միաժամանակ, 2014թ. սեպտեմբերի 26-ին որոշում է կայացվել՝ սույն քրեական գործից՝ քննությամբ չպարզված անձանց կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու, Ռ.Միրզոյանի, Վ.Մատինյանի կողմից առանց իրացնելու նպատակի թմրամիջոց ձեռք բերելու, ինչպես նաև՝ հանցագործությունների այլ դեպքերով քրեական գործի մասն առանձին վարույթում անջատելու մասին, որով նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին