▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տախտակը դրել են մեջքին, բարձրացել վրան․ միջադեպ՝ Զովունու դպրոցում

Զովունու Ռուբիկ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցում նախորդ շաբաթ ծեծկռտուկ է եղել, ինչի հետևանքով 8-րդ դասարանի աշակերտը կոտրվածքներ է ստացել։

ՕրագիրՆյուզ-ն է գրում ու նշում, որ այդ մասին կայքի հետ զրույցում հայտնել է աշակերտներից մեկի ծնողը։

««Դասարանի աշակերտներն են ներկա եղել, ասում են՝ լավ սովորող տղա երեխային շանտաժի են ենթարկել դասարանի «խուլիգան» երեխաները, ասել են, որ դաս են հարցնում, չպետք է պատասխանես, նմանատիպ բաներ։ Երեխան չի ենթարկվել, գնացել և դասը պատմել է, դասամիջոցին մի քանի հոգով ծեծի են ենթարկել նրան, տախտակ են դրել մեջքին, բարձրացել են վրան, կանգնել, ինչի հետևանքով երեխայի ուսը և կողոսկրերը կոտրվել են, հիմա գիպս է դրված»,- ասաց մեզ դիմած ծնողը, ապա հավելեց, որ սա առաջին դեպքը չէ, որ այս դպրոցում նման արատավոր դեպքեր են լինում։

Կայքը կապ հաստատեց Զովունու Ռուբիկ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Հասմիկ Հարությունյանի հետ, հետաքրքրվեցինք, թե արդյոք տեղյա՞կ է նշված միջադեպից։

«Չի եղել նման բան»,- ասաց տնօրենը, ապա խնդրեց, որ նյութը չհրապարակենք․

«Եկեք դպրոց, մի հատ հասկացեք՝ ինչ է։ Կան մարդիկ, որ ցանկություն ունեն այս դպրոցը վարկաբեկելու։ Արդեն որերորդ անգամ հանրային կարծիք եք ստեղծում՝ լրիվ անտեղի։ Երեխաները ամսի 20-ից դասի չեն, չի եղել նման բան, եթե կարելի է՝ մի գրեք, որովհետև իրոք անիմաստ է, չի եղել նման բան»։

Թեև դպրոցի տնօրենի հերքմանը, աշակերտի ծնողը պնդեց, որ նման դեպք եղել է, ավելին՝ աշակերտների անունները տվեց։

«8-րդ «Ա» դասարանում են սովորում, ծեծողի անունը՝ Ս․ է, իսկ ծեծված տղայինը՝ Ա․, դասղեկն էլ Տ․ Մկրտչյանն է։ Երկուսի ծնողներն էլ եկել էին դպրոց, տնօրենի սենյակում թեժ խոսակցություն է եղել․․․»,- վստահեցրեց մեր զրուցակիցը։

Կրկին կապ հաստատեցինք տնօրենի հետ, հարցրինք՝ շարունակո՞ւմ է պնդել, որ նման միջադեպ չի եղել, կոտրվածքներ ունեցող աշակերտ չունեն․

«Ծեծկռտուք չի եղել, երեխան դասի ժամին իրեն անհարգալից է պահել, ավելորդ բաներ է խոսել, կանչել, ծնողի հետ խոսել ենք։ Մյուս երեխան էլ կոտրվածք չունի, գիպսի մեջ չի, ընդհանրապես իրար հետ կապ չունեցող դեպքեր են։ Ա․ անունով երեխա ունենք, որ 1 ամիս առաջ ընկել է աթոռի վրա, բայց ոչինչ չի եղել, այդ պահին ցավացել է թևը և վերջ։ Այս երկուսը իրար հետ կապ չունեցող դեպքեր են»։

Կապ հաստատեցինք նաև ծեծի ենթարկված տղայի մոր հետ, վերջինս, ասաց, որ տղան կոտրվածք ունի, բայց ոչ թե ծեծկռտուքի հետևանքով է եղել, այլ աթոռից ցած ընկնելու։

«Որպես լրագրող՝ պետք չէ ամեն անհեթեթ ասված բաների հետքերով գնալ, դուք ո՞նց եք պատկերացնում, դա գազանանո՞ց է։ Իրականում ոչ մի նման բան չի եղել։ Դուք իրավունք չունեք նյութ գրելու, որովհետև եթե իմ երեխու ուսն է կոտրվել, ես ոչինչ չեմ ասել, որովհետև նման բան չի եղել, դուք իրավունք չունեք նման բան գրելու, որովհետև ես շատ հանգիստ կարող եմ դիմել այլ մարմինների՝ սխալ ինֆորմացիա գրելու համար։

Իրականում ոչ մի ծեծկռտուք չի եղել, ինչպես որ ասվել է Ոստիկանությանը, մնացած հարցերն էլ քննարկվել են։ Աթոռից ճոճվել, ընկել է, ես այդպես գիտեմ, եթե այլ տեղեկություն ճշտեք և ինձ տաք, շնորհակալ կլինեմ»,- ասաց աշակերտի մայրը»,-գրում է սկզբնաղբյուրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее