Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 5-ը «Ուղղափառ մեկենասների ռուսաստանյան ակումբն» աննախադեպ ծրագիր է իրականացնում Հայաստանում, որի շրջանակներում կգումարվի նաև բիսնես ֆորում և կտրվի Գյումրու գիշերօթիկ դպրոցի վերակառուցման մեկնարկը: Ակումբը հայտնի է բազմաթիվ բարեգործական ծրագրերով:
«Մկրտության սրբապատկեր՝ պատմության մեջ և մեր օրերում» խորագրով ցուցահանդեսը «Ուղղափառ մեկենասների ռուսաստանյան ակումբի» հայաստանյան ներկայացուցչության ջանքերով կբացվի այսօր՝ ռուսական մշակույթի երևանյան թանգարանում՝ հնարավորություն ընձեռելով ծանոթանալ աշխարհի տարբեր երկրներում ցուցադրված եզակի նմուշների հետ, որոնց թվում կներկայացվեն նաև մասունքներով 10 սրբապատկերներ:
Հատկանշական է, որ ցուցահանդեսն ուղեկցվելու է բարեգործական ակցիայով: Այսօր կտրվի Գյումրու գիշերօթիկ դպրոցի վերակառուցման մեկնարկը, որտեղ ապրում են անապահով ընտանիքների 107 երեխաներ:
Ծրագրի կարևորագույն կետերից է նաև ռուսաստանյան և հայաստանյան բիզնես ոլորտի գործարարների հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն ոսկյա զարդերի արտադրությանը, էլեկտրաարդյունաբերությանը, զբոսաշրջությանը, և հյուրանոցային բիզնեսին առնչվող հարցեր:
«Ինձ համար շատ կարևոր է և ուրախալի, որ այսօր Հայաստանում ենք, քանի որ Հայաստանն առաջին պետությունն է, որ քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն»,- այսօրվա ասուլիսին ասաց «Ուղղափառ մեկենասների ռուսաստանյան ակումբի» խորհրդի նախագահ Անդրեյ Պոկլոնսկին՝ հավելելով.
«Այս ծրագիրը եզակի է նրանով, որ չափազանց մեծ ընդգրկվածություն ունի: Մենք կարողացել ենք բազմաթիվ բարեգործական ծրագրեր իրականացնել, օգնություն ցուցաբերել մեծ թվով մանկատների, սակայն այս ծրագիրը մեզ համար չափազանց կարևոր է, քանի որ կենդանացրել ենք շուրջ 300 տարի առաջ գոյություն ունեցած ավանդույթը: Որպես արդյունք՝ ես մի քանի թվեր միայն կներկայացնեմ՝ եթե 5 տարի առաջ ինտերնետում փորձենիք փնտրել «Մկրտության սրբապատկեր» բառերը, հավանաբար կգտնեինք ընդամենը 5 տեղեկություն: Իսկ այսօր պատկերն այլ է, շուրջ՝ 145 հազար: Դրանց մեծ մասը արվեստանոցներ են, որոնք սրբապատկերներ են ստեղծում: Մենք այս ծրագրով աշխատելու հնարվորություն ենք տվել 9 000 անկախ արվեստագետների՝ անցած տարվա տվյալներով: Նրանք մեզ հետ որևէ առնչություն չունեն, սակայն ապահովվել են աշխատանքով: Այս ընթացքում ստեղծվել է 3.5 մլն սրբապատկեր»:
Շուրջ 9 տարի «Ուղղափառ մեկենասների ռուսաստանյան ակումբը» իրականացրել է «Մկրտության սրբապատկեր» խորագրով շարժական ցուցահանդեսներ աշխարհի խոշոր քաղաքներում՝այդ թվում՝ Տալինում, Ռիգայում, Պրահայում, Բեռլինում, Լոնդոնում, Բելգրադում՝ իսկ ընդամենը մեկ ամիս առաջ՝ հարևան Վրաստանում:
Ծրագրի նպատակն է ծանոթացնել մկրտության սրբապատկերի հինավուրց ուղղափառ ավանդույթին: Ռուսական հին ավադույթի համաձայն՝ նորածնի հասակին և ուսերի լայնությանը համապատասխան սրբապատկեր էին պատվիրում հատուկ մկրտության խորհրդի համար, որով կապ է ստեղծվում երեխայի և սրբապատկերի միջև: Մկրտության սրբապատկերն ուղեկցում է մարդուն ողջ կյանքի ընթացքում:
Պատրիարքարանի՝ Էջմիածնի հետ ադմինիստրատիվ հարաբերությունների համակարգող Ալեքսանդր Վասյուտինի խոսքով՝ չնայած ռուսական ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցիների տարբերություններին՝ միևնույն է՝ ընդհանուր հետաքրքրույթուն կա:
«Ես տարիներ շարունակ առնչվելով Հայ առաքելական եկեղեցու հետ՝ կարող եմ վկայել, որ հետաքրքրություն կա և աճում է: Մենք գիտենք, որ սրբապատկերների պաշտամունքը Հայաստանում, առկայությունը տներում չի եղել, սակայն այսօր հանդիպում են, իհարկե, միշտ չէ, որ աղոթելու համար»:
Ծրագիրը ներառում է նաև սրբապատկերագրական արվեստանոցների ստեղծում: ASEKOSE.am-հարցին, թե նախատեսվու՞մ է արդյոք նման արվեստանոց ստեղծել Հայաստանում և արդյո՞ք հայերը հետաքրքրված են սրբապատկերներով, Անդրեյ Պոկլոնսկին պատասխանեց.
«Իրականում արվեստանոցները մեզ հետ որևէ առնչություն չունեն: Այս նախագիծը բացարձակապես բարեգործական է: Այսօր Հայաստանում ներկայացնում ենք մեր գործունեությունը և սա սկիզբն է: Եթե մեր ակումբը կարողանա խթան դառնալ արվեստանոց ստեղծելու համար, ես շատ ուրախ կլինեմ: Իհարկե, անհրաժեշտ է փորձ ձեռք բերել: Իսկ դա կարող է արվել շատ պարզ եղանակով: Դպրոցները մեզանում շատ են, որոնք եզակի արժեքավոր սրբապատկերներ են ստեղծում: Փորձի փոխանակումը կարելի է շատ արագ կազմակերպել ցանկության դեպքում: Եթե նման ցանկություն լինի, մենք շատ ուրախ կլինենք և կօգնենք: Արվեստանոցները մենք տրամադրում ենք անվճար: Եթե տեղացի բնակիչներին կհետաքրքրի, մենք սիրով կտրամադրենք բոլոր նյութերը և ուրախ կլինենք, դա կլինի այս գեղեցիկ ավանդույթն աշխարհին ներկայացնելուն ուղղված մի քայլ ևս»:
Ի պատասխան մեր հարցին Ալեքսանդր Վասյուտինը պատասխանեց.
«Առհասարակ, ավանդույթները քարացած չեն, այլ կենդանի, շարժուն: Դրանք չեն կարող դարերով փակված մնալ շրջնակների մեջ: Իսկ ինչի՞ շնորհիվ է ավանդույթն աճում. այլ մշակույթների և ավանդույթների հետ փոխազդեցության: Սա ևս մեկ հնարավորություն՝ է հայ և ռուսական եկեղեցական ավանդույթների փոխազդեցության»: