Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արարատի մարզի 28-ամյա բնակչի սպանության հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել նույն մարզի մեկ այլ բնակչի:
2017թ. դեկտեմբերի 30-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Արտաշատի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի ձախ կեսի 4-րդ 5-րդ միջկողային տարածության սահմաններում, վերպտկային շրջանում թափանցող վնասվածք, ձախից որովայնի առաջային պատի, էպիգաստրալ շրջանի թափանցող վնասվածք և ձախից որովայնի կողմնային պատի թափանցող վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ Գրիգոր Իսրայելյանը՝ ծնված 1989թ., ով ստացած վնասվածքներից մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույնպես Արարատի մարզի բնակիչ է՝ ծնված 1990թ:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 28-ամյա երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներն ստացել է նույն մարզի 27-ամյա բնակչի հետ վիճաբանության ժամանակ: 2017թ. դեկտեմբերի 30-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Արարատի մարզի Վ. Արտաշատ գյուղում գտնվող մսի վաճառակետի դիմաց իր ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանել է նույն մարզի 28-ամյա բնակչի հետ, որը շարունակվել է Վ. Արտաշատ - Արտաշատ ավտոճանապարհի Բերդիկ գյուղի մոտ: Վիճաբանության ընթացքում 27-ամյա երիտասարդն իր ավտոմեքենայի սրահի պահախցիկից վերցրել է ծալովի դանակը և երեք անգամ հարվածել 28-ամյա երիտասարդի կրծքավանդակի և որովայնի ձախակողմյան հատվածին` պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արարատի մարզի 27-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։