▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուքիասյաններին տուգանել են 2,5 մլն դրամով

Երևանի քաղաքապետարանը ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին 2,5 մլն դրամով տուգանելու որոշում է կայացրել։

Ֆակտոր.am-ն է գրում  ու նշում, որ այդ մասին հարցմանն ի պատասխան հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Որոշումը քաղաքապետարանը կայացրել է նոյեմբերի 6-ին, սակայն, Հայկ Կոստանյանը, Factor.am-ին հայտնեց, որ վճարումը Սուքիասյանների կողմից դեռևս կատարված չէ։

Հիշեցնենք՝ Ֆակտոր.am-ն 2024 թվականի հոկտեմբերի 3-ին արձանագրել էր, որ Տիգրան Մեծ պողոտայի Սուքիասյաններին պատկանող 17/4 հասցեում՝ «Լունապարկ»-ի հարևանությամբ, ակտիվ շինաշխատանքեր են իրականացվում։ Նույն օրը դիմել էինք Երևանի քաղաքապետարան՝ պարզելու, թե ի՞նչ աշխատանքեր են կատարվում։

Քաղաքապետարանից հայտնել էին․ «Տիգրան Մեծ պողոտայի 17/4 հասցեում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի իրականացվել են գոյություն ունեցող սրճարանի բացօթյա ծածկի փոխման շինաշխատանքեր։ Կազմվել է արձանագրություն»։ Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը որոշում է կայացրել Սուքիասյաններին տուգանել 2,5 մլն դրամով։

Նշենք, որ Տիգրան Մեծի պողոտա 17/4 հասցեի անշարժ գույքը՝ 768 քառակուսի մետր մակերես ունեցող հողակտորը և դրա վրայի շինությունը համատեղ սեփականության իրավունքով պատկանում են Խաչատուր, Սարիբեկ, Էդուարդ և Ռոբերտ Սուքիասյաններին:

Տարածքում գործում են «Քուին Բուրգեր» և «Նոմա» ժամանցի վայրերը։

Հիշեցնենք՝ 2022 թվականին էլ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, նույն տարածքում անօրինական շինարարություն էր իրականացնում:

Քաղաքապետարանից տեղեկացրել էին, որ թեև տարածքը պատկանում է Սուքիասյաններին, բայց շինթույլտվություն չունեն, այդ իսկ պատճառով նրանք տուգանվել էին 200 հազար դրամով։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Սուքիասյանը 2021 թվականին հայտնվել էր քրեական մի պատմության կենտրոնում։ Ըստ ՔԿ-ի՝ նա Ամիրյան փողոցում կրակել էր ԱՄՆ քաղաքացու վրա երթևեկության ընթացքում առաջացած կոնֆլիկտի ընթացքում։ Սուքիասյանի եղբայրը ձերբակալվեց, իսկ հետո 55 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Միջադեպից անմիջապես հետո իշխանական պատգամավորը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, թե «անկախ մարդու ով լինելուց՝ Հայաստանում բոլորն օրենքի առաջ հավասար են»։

Այսօրինակ գրառումից հետո ուշագրավ է, որ իշխանության ներկայացուցչի՝ ՔՊ-ական պատգամավորի հետ առնչություն ունեցող տարածքում երկրորդ անգամ է նմանատիպ խախտում արձանագրվում»,-գրում է սկզբնաղբյուրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее