Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հրապարակային խոսքով խախտել է վարքագծի կանոնները՝ ավագանու նիստի ընթացքում։ Այս մասին արձանագրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ «iravaban.net» կայքի հրապարակման առթիվ հարուցված վարույթի արդյունքում։
Ըստ հրապարակմամբ ներկայացված տեղեկատվության՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատողություն է հայտարարել «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանին և «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանին այն բանից հետո, երբ ավագանու նիստում վիճաբանություն եղավ իշխող և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների միջև։
Մանուկ Սուքիասյանն իր ելույթում, բարձրացնելով շինթույլտվությունների հարցը, հայտարարել էր․ «Հայտնի խոսք կա՝ շունչը հաչում ա, քարավանը շարունակում ա իր ճանապարհը, և ամեն հաչացող շան հետևից, որ քար նետենք մենք կարող ա տեղ չհասնենք, բայց պիտի արձանագրենք, որ մայր Հայաստանի փեշերից կախվելը հացուջուր ա դարձել շատերի համար, բայց էդ խոլերան մի օր մաքրվելու ա բոլոր կառավարական կաբինետներից»։ Սուքիասյանի ելույթի ժամանակ միջամտել էր Անի Խաչատրյանը, ինչին ի պատասխան Սուքիասյանն ասել էր. «Մի հատ այս աղբը մաքրեք այստեղից, հերիք եղավ իսկականից․ ձեր հաճախորդին կարգի հրավիրեք»։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հունից դւորս էր եկել, սկսել բղավել։
Նա հիշեցրել էր, որ նախկին իշխանություններին ժողովուրդը աշխատասենյակներից հանել, դուրս է շպրտել. «Ձեր ականջները կտեսնեք, ապագայում իշխանություն չեք տեսնի։ Ձեր տեսակը, պարոն Սուքիասյան, մաքսիմում ինչ կարող է անել՝ հաչալն է, և կարող եք հաչալ, շարունակել հաչալ, որովհետև շունը հաչում է, քամին փչում․ Ձեր իսկ ոճով Ձեզ պատասխանեմ։ Ձեր խմբակցության այլ հարցերի պատասխանելու կարիք չունենք»։
Այս հրապարակման առնչությամբ ԿԿՀ-ն վարույթ է հարուցել Ավինյանի նկատմամբ՝ տեսնելով վերջինիս վարքագծի առերևույթ խախտումները։ Տիգրան Սվինյանի ներկայացուցիչը դիրքորոշում է հայտնել առ այն, որ նշված հրապարակմամբ չի հիմնավորվում Ավինյանի կողմից վարքագծի կանոն խախտելու հանգամանքը, իսկ որոշմամբ մեջբերված արտահայտություններն իրենց բովանդակությամբ չեն արտահայտում վարքագծի կանոնների առերևույթ խախտում հիշեցնող տարրեր։
Անդրադառնալով վարույթի հարուցման հիմքերին՝ Ավինյանի ներկայացուցիչը նշել է, որ եթե իրավախախտումն առնչվում է վարքագծի կանոնի այնպիսի խախտման, որով անմիջականորեն շոշափվում են կոնկրետ անձի իրավունքները, ապա այդ դեպքում Հանձնաժողովը վարույթ կարող է հարուցել բացառապես շահագրգիռ անձի դիմումի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ այն դեպքում, երբ հարցն ունի հանրային մեծ հետաքրքրություն, կամ խախտումը կրում է համակարգային բնույթ: Բացի այդ, ներկայացուցիչը բարձրացրել է վարույթի կարճման հարցը՝ նշելով, որ եթե ԿԿՀ-ն հավաստի է համարել հիշյալ հրապարակումն իր վերնագրով հանդերձ, ապա կարելի է ողջամիտ կասկած հայտնել որոշման իրավաչափության կապակցությամբ, քանի որ ակնհայտ է, որ տվյալ դեպքում բացակայում է վարույթի հարուցման հիմք հանդիսացող՝ շահագրգիռ անձի դիմումը, ինչը որոշմամբ հարուցված վարույթը կարճելու հիմք է։
ԿԿՀ-ն, լսելով կողմերին, որոշմամբ արձանագրել է, որ Ավինյանը վարքագծի կանոններ է խախտել։
Ի․ Ս․
Աղբյուրն՝ այստեղ