▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոս Ջանիբեկյանին նշանակում են «Մհեր Մկրտչյան» թատրոնի տնօրեն․ դերասանները դեմ են

Երեւանի քաղաքապետարանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի շուրջ բունտ է հասունանում։ Քաղաքապետարանը պատրաստվում է, կամ արդեն ոչ ֆորմալ թատրոնի տնօրեն է նշանակել դերասան Սոս Ջանիբեկյանին։ Ավելին, Ջանիբեկյանն այս օրերին այցելում է թատրոն, միջամտում է վերանորոգման աշխատանքներին։

MediaHub-ն է գրում ու նշում, որ կայքի հետ զրույցում թատրոնի դերասան Արծրուն Չոբանյանը ասել է, որ դերասանները դեմ են Ջանիբեկյանի նշանակմանը։ 

«Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մակիչ Մարգարյանն է ինձ ասել, որ Սոսը թատրոնի տնօրեն է նշանակվել, քաղաքապետարանից նրան արդեն ներկայացրել են։ Իմ այն հարցին, որ տնօրենն ընտրվում է մրցույթով, սա օրենքի խախտում է, պատասխանեց՝ չգիտի մանրամասները»,-պատմել է Չոբանյանը։ 

Նրա խոսքով՝ թատրոնի անձնակազմը չի ցանկանում աշխատել «Մհեր Մկրտչյան» թատրոնի հետ կապ չունեցող անձանց հետ։ Չոբանյանը նշել է, որ դերասանները տնօրենի պաշտոնում իրեն են տեսնում։ 

«Թատրոնի ստեղծագործական ու տեխնիկական անձնակազմով հանդիպել ու զրուցել ենք։ Նրանք դեմ չեն եղել, որ ես լինեմ իրենց ներկայացնողն ու տնօրենը, հաշվի առնելով, որ մոտ 7-8 տարի է աշխատում եմ թատրոնում»,-ասել է նա։ 

Առանց մրցույթի թատրոնի տնօրեն չեն կարող նշանակել, դա օրենքի կոպտագույն խախտում է։ Չոբանյանն ասում է՝ իշխանություններից հեռու չէ, կփորձեն ինչ-որ ձեւով շրջանցել օրենքը։ Իսկ եթե քաղաքապետարանը, այնուամենայնիվ, շարժվի օրենքով եւ մրցույթ հայտարարի, Չոբանյանը շեշտեց՝ կմասնակցի դրան եւ գուցե հենց ինքն էլ հաղթի։ 

Երեւանի քաղաքապետարանը ամեն գնով փորձում է թաքցնել այս լուրը, հաշվի առնելով Սոս Ջանիբեկյանի ընդգծված իշխանական լինելու հանգամանքը։ Ջանիբեկյանը լրատվակնի հետ զրույցում չի հերքել իրեն «Մհեր Մկրտչյան» թատրոնի տնօրեն նշանակելու մասին տեղեկությունը։ 

«Դեռ քննարկման փուլում է»,-ասել է նա։

Հարցին՝ մրցույթ նշանակվելո՞ւ է, ասել է՝ մանրամասներին ծանոթ չէ։ 

Պաշտոնը ստանձնելու օրը Ջանիբեկյաննին դեռ հայտնի չէ․ «Դեռ շատ նախնական փուլում է գործընթացը»։ 
Առաջարկն ընդունելու մասին հարցին էլ ասաց, որ դեռ մտածում է․ «Մանրամասներն ենք քննարկում, նման պրոցեսները անմիջապես տեղի չեն ունենում»։ 

Դիտարկմանը, որ թատրոնի դերասանները ցանկանում են իրենց թիմից լինի տնօրենը եւ դեմ են իր նշանակմանը, Ջանիբեկյանն արձագանքել է․ «Լավ են անում, ինչ ասեմ»։

Նշենք, որ թատրոնը հիմնադրվել է 1986 թվականին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ջանքերով։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее