Ձմեռային իրիկնամուտն իր հետ բոթ բերեց. նորից առյուծ ընկավ սահմանի ծիրին: Երկնակամարը երազի գույն ունի` մանուշակագույն, կորած երազի...
Էլի օջախ մարեց...
Խունկի հոտից արբեցած օդը հետզհետե ցրվեց, խանձարուրի միջից դեռ գարնան արևի բույրը չառած մանկիկը բացեց քնից ընդարմացած աչքերն ու ճմլկոտեց: Կաթնահունց թշիկների վրա վարդագույն շրջանակներ գոյացան, ձգվեց դեպի առաստաղն ու քիթը կնճռոտելով` աղմկոտ ճիչ արձակեց` քաղցած էր... Երիտասարդ այրին մայրական կանչով տեղից վեր թռավ ու վազեց օրորոցի մոտ, վեր առավ երեխային, հետո մոտեցավ բուխարուն ու մեջքը հենելով թախտի անկյունում դրված բարձին` երեխային ամուր սեղմեց կրծքին: Որդեկորույս մայրը, փեշերը հավաքելով, զսպված հուզումով մոտեցավ ու վշտատոչոր կռացավ հարսի վրա, գիրկն առավ գլուխն ու համբուրեց նրա գունատ ճակատը:
Ու ձայները լռեցին. օջախը ծվարեց...
Տեսնես գուժկանը արևագալին ու՞մ դուռը պիտի բախի գլխահակ ...
ԵՐԵՔՆՈՒԿ
Աղբյուրը՝ «FAR -Fund For Armenian Relief in BERD/ Հայ օգնության ֆոնդ » ֆեյսբուքյան էջ