Վերջին օրերին ամենքննարկվող թեման գալիք նախագահական ընտրություններն են. հնչում են տարատեսակ կարծիքներ ու կանխատեսումներ: Ներքաղաքական վերջին և հետընտրական հնարավոր զարգացումների մասին ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ:
- Պարոն Մինասյան, ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ քաղաքական կշիռ և որոշակի ընտրազանգված ունեցող քաղուժերը չեն մասնակցում գալիք նախագահական ընտրություններին: Ի՞նչ եք կարծում`ստեղծված հանգամանքնրում ինչպե՞ս կկողմնորոշվի ընտրազանգվածը:
-Ընտրազանգվածը, բնականաբար, տարբեր ձևով կբաշխվի: Հասկանալի է, որ մարդիկ, ովքեր հույսեր էին կապում առաջին հերթին ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի հետ, որոշ չափով հիասթափություն, այնուամենայնիվ, կապրեն: Բայց մյուս կողմից` Խորհրդարանական ընտրություններն արդեն կայացել են և մոտակա 3-4 տարվա ընթացքում այդ կուսակցությունները որոշ չափով «կկոնսերվացվեն» քաղաքական դաշտում, որովհետև ներկայացված են Խորհրդարանում: Այն քվեները, որոնք մայիսյան ընտրություններին գրանցվել էին այդ կուսակցությունների օգտին, տարբեր ձևով են կբաշխվեն: Իհարկե դա ավելի շատ սոցիոլոգի ուսումնասիրման խնդիր է, քան քաղաքագետի, բայց միանգամայն հասկանալի է, որ այդ բաշխումը հեշտ չի լինելու և տարբեր զանգվածներ, որոնք ժամանակին ասենք քվեարկել են դիցուք` ԲՀԿ-ի օգտին, տարբեր մոտեցում կունենան Սերժ Սարգսյանի կամ մյուս թեկնածուների հանդեպ:
- Ինչպե՞ս եք գնահատում ընտրողների վերաբերմունքը ընտրությունների նկատմամբ: Այնուամենայնիվ նկատելի է, մեղմ ասած, թեթև վերաբերմունք:
-Դա բացատրվում է շատ պարզ պատճառով. անցած տարվա դեկտեմբերի կեսերին ստեղծվեց մի իրավիճակ, երբ հասկանալի դարձավ, որ փաստացի գործող`նախագահը որևէ լուրջ մրցակցություն չի ունենա, և ընտրությունները, կարելի է ասե,լ տեխնիկական բնույթ կկրեն: Այսինքն`կա 8 թեկնածու բայց նաև հասկանալի է, որ այդ թեկնածուներից 7-ի միջև պայքարը գնալու է լավագույն դեպքում երկրորդ տեղի համար: Հասարակությունը դա շատ լավ է ընկալում: Շատ լավ հասկանում է, որ ինտրիգ գոյություն չունի, դրանով է պայմանավորված, այսպես ասած, հանգիստ վերաբերմունքն այս ընտրությունների նկատմամբ:
- Իսկ այդ վերաբերմունքը արդյո՞ք պայմանավորված չէ որոշ թեկնածուների հայտարարություններով:
-Ոչ, դա պայմանավորված է առաջին հերթին այն քաղաքական իրավիճակով, որ ստեղծվել է մեզանում: Դա ոչ թե թեկնածուների անձնական հատկանիշների հարց է, այլ օբյեկտիվորեն ստեղծված քաղաքական իրավիճակի առանձնահատկություն:
-ի՞նչ եք կարծում` հետընտրական ցնցումներ կարելի՞ է կանխատեսել:
-Կարծում եմ` հազիվ թե նման զարգացումներ տեղի ունենան` կրկին կախված այն առանձնահատկություններից, որ ունեն այս ընտրությունները: Այս տեսակ ընտրություներ Հայսատանում տեղի են ունեցել 1991 թ-ին, երբ Լևոն Տեր- Պետրոսյանն առաջին անգամ ընտրվեց որպես ՀՀ նախագահ: Այն ժամանակ նա մեծ առավելություն ուներ մյուս թեկնածուների հանդեպ: Մնացած բոլոր ընտրությունների ժամանակ մենք իսկապես ունեցել ենք բավական կոշտ մրցակցային պայքար: Այս դեպքում մենք դա չունենք
-Ըստ Ձեզ` նոր Կառավարություն կձևավորվի՞:
-Ես չեմ կարող աել: Հնարավոր է ինչ- ինչ փոփոխություներ լինեն: Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ Սերժ Սարգսյանն ավելի քան ազատ է իր ընտրություններում և կաշկանդված չէ պայմանավորվածություններով որևէ քաղաքական ուժի հետ: Երևի թե կլինեն որոշ նոր նշանակումներ նախարարների պաշտոններում: Դա միանձնյա ընդունելու է Սերժ Սարգսյանը:
-Իսկ հնարավոր համարու՞մ եք. որ թեկնածուներից որևէ մեկը որևէ պաշտոն զբաղեցնի:
-Ես դա չեմ կարող ասել, քանի որ նման տեղեկատվության չեմ տիրապետում::
-Ըստ Ձեզ` երկրորդ տեղը զբաղեցնող թեկնածուն կլեգիտիմացնի՞ նախագահին:
- Այս պահին լեգիտիմության հարցը չկա, որովհետև բոլորին հասկանալի է` տարբերությունն այնքան մեծ է, որ դժվար թե իշխանությունները ստիպված կամ շահագրգռված լինեն ադմինիստրատիվ կամ այլ ռեսուրսներ օգտագործել: Հետևաբար, ֆորմալ ձևով այս ընտրությունները միգուցե ավելի լավը կլինեն, քան նախորդ խորհրդարանականը, որն իմ կարծիքով բացառիկ էր Հայաստանի պատմության մեջ. առաջին անգամ Հայաստանի հետխորհրդային պատմության ընթացքում բոլոր քաղաքական ուժերը` և ընդդիմադիր և իշխանամետ, և երրորդ կեցվածք ունեցող, ներգրավված էին:
-Ինչպե՞ս եք գնահատում նախաքարոզչական շրջանը:
- Ընդհանուր առմամբ` բավարար: Ես կարծում եմ` բավական հանգիստ և որոշ չափով արդար մեկնաբանություններ կային բոլոր թեկանածուների նկատմամբ:
Հասմիկ Գյոզալյան