Ուրեմն, երբ ծանոթանում ես Վարդան Սեդրակյանի դատավճռին, համաձայն որի Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար 14 տարվա ազատազրկման է դատապարտվել, միայն այն, որ այդպես էլ ոչ մի տեղ չգտա, թե հատկապես ինչի համար է էպոսագետը գնացել նման քայլի, այսինքն՝ չկա մոտիվը, շարժառիթները, այս դատավարությունն ու վճիռը լրիվ անհեթեթ են դարձնում: Ես դեռ չեմ խոսում ապացուցողական բազայի մասին:
Բայց երբ այս դատավարությունն ու վճիռը ողջունում է Պարույր Հայրիկյանը, սա արդեն լրիվ թատրոն է: Ու այդ դատավճիռը կապել ինչ-որ Մաքսային Միությանը միանալու հետ, Ադրբեջանին զենք վաճառելու հետ, ռուսական ինչ որ կայսերապաշտական նկրտումների հետ, ու դեռ ասի, որ մահափորձի կազմակերպիչը Վարդան Սեդրակյանը չէ.... Նման հիվանդագին վերաբերմունք այնպիսի լուրջ կատեգորիայի, ինչպիսին դատավարությունն է, երբ մարդկանց ճակատագրերի հետ խաղում են, ինձ ստիպում է Հայրիկյանի խորհրդային դիսիդենտական անցյալին խիստ կասկածանքով մոտենալ, եւ նույն տրամաբանությամբ էլ ես կարող եմ ասել, որ նրա հանդեպ ԽՍՀՄ տարիներին կայացրած դատավճիռները կամ նույնքան արդարացի են եղել, որքան Վարդան Սեդրակյանի հանդեպ կայացրած վճիռը, կամ էլ այդ ամենը հեքիաթ է եղել:
Դե, չի կարող էլի, 17 տարի խորհրդային բանտերում նստած մարդը չհասկանալ արդար եւ անարդար դատավարությունների, դատավճիռների տարբերությունը:
Հ.Գ. Ու մեկ էլ, Վիքիպեդիայում Հայրիկյաննի կենսագրության մեջ նշված է, թե նա 1988-1992թթ. եղել է ԽՍՀՄ ազգային-ժողովրդական շարժման առաջնորդը: Ոչ ավել, ոչ պակաս: Չասեմ էլի, թե ովքեր են որպես կանոն իրենց նման ճոռոմ-ճոռոմ անցյալ վերագրում:
Ֆեյսբուք