Ռուսաստանն ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին, РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Հիշեցնեմ, որ այս տարի Եվրասիական տնտեսական խորհուրդը նախագահում է Հայաստանի Հանրապետությունը։ Սա նույնպես ենթադրում է պատվիրակությունների փոխանակում և այցելություններ։ Մայիսին նախատեսվում է Մոսկվայում անցկացնել Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը, և, բնականաբար, ռուսական կողմն ակնկալում է երկրի ղեկավար, նախագահ, վարչապետ Փաշինյանի մասնակցությունը»,- ասաց դեսպանը։
Նրա խոսքով՝ միջպետական հարաբերությունների պրակտիկայում սովորական երևույթ են բարձր և ամենաբարձր մակարդակով փոխայցելությունները, և այդ հարցը եղել է, կա և մնում է օրակարգում։
«Հիշեցնեմ, որ վերջերս՝ մեկ ամիս առաջ, այստեղ՝ Երևանում, տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որը գլխավորում են մեր երկրների փոխվարչապետերը։ Դրան մասնակցել են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի տարբեր գերատեսչությունների բավականին մեծ թվով բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Սա շատ կարևոր, նշանակալից իրադարձություն էր մեր երկկողմ հարաբերություններում։ Իհարկե, այն որոշումները, որոնք ընդունվել են, կարևոր որոշումները, կյանքի կկոչվեն և բնականաբար կպահանջեն շփումներ և այցելություններ»,- նշել է Կոպիրկինը։
Նա հավելեց, որ մի շարք հրավերներ կան ռուսական կողմից հայ գործընկերներին՝ մասնակցելու 2024 թվականին նախատեսված նշանակալից միջոցառումներին։ «Ես հիմա ամեն ինչ չեմ թվարկի, մենք աշխատում ենք այս հարցի վրա։ Իհարկե, նման փոխանակումները, այդ թվում՝ բարձր, ամենաբարձր մակարդակով այցելությունները, օրակարգում են»,- ասաց դեսպանը։
Թարմացված․ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը «РИА Новости»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին խոսք չկա: «Նման ազդանշաններ չկան: Ես առաջնորդվում եմ պաշտոնական հայտարարություններով, որոնք արվել են հայկական կողմից, մասնավորապես այն մասին, որ բազայի դուրսբերման հարց չկա: Ռուսական կողմից նույնպես նման ազդանշաններ չեն եղել»,- ասել է դեսպանը: |