Azatutyun.am-գրում է. Հանցագործության մեջ կասկածվող ռուսաստանցի զինծառայող ավագ լեյտենանտ Դենիս Բորիսենկոն կալանավորվել է:
Նա կասկածվում է հունվարի 24-ին տաքսու վարորդ Դիլշոդ Հուսնովին դաժանորեն ծեծելու և նրա ավտոմեքենան առևանգելու մեջ:
Գործի նյութերով՝ Դուշամբեի մոտ տեղակայված ռուսական 201-րդ ռազմակայանի զինծառայող ավագ լեյտենանտ Բորիսենկոն հարբած վիճակում հարձակվել է տաքսու վարորդի վրա, ծեծի ենթարկել նրան, խլել նրա մեքենան ու հեռացել դեպքի վայրից, բայց քիչ անց նա խփել է մի ուրիշ մեքենայի ու ավտովթարի վայրում ոստականները նրան ձերբակալել են:
Տաջիկստանի ներքին գործերի նախարության բարձրաստիճան պաշտոնյաններից մեկը, ում անունը չի նշվում, «Ինտերֆաքս»-ին ասել է, որ շուտով ավագ լեյտենանտ Դենիս Բորիսենկոյին մեղադրանք կառաջադրվի:
Այս տարվա ընթացքում մեկ ուրիշ միջադեպ է տեղի ունեցել Տաջիկստանի հարավում գտնվող Կուլյաբ քաղաքում: Այստեղ հունվարի վերջին ռուսական ռազմակայանի զինծառայող կապիտան Չեմիզովը ծեծի է ենթարկել ռեստորանի մատուցողին: Միջադեպի կապակցությամբ Տաջիկստանի դատախազությունը ռուսաստանցի սպային մեղադրանք է առաջադրել:
Անցած տարվա օգոստոսին Դուշամբեում սպանվել էր տաքսու վարորդ Ռահիմջոն Տեշաբաևը։ Այս գործով կասկածվում է ռուսական ռազմակայանի երկու զինծառայող: Հետաքննությունը միասին վարում են Տաջիկստանի և Ռուսաստանի իրավապահ մարմինները, բայց տաքսու վարորդի սպանության մեջ մեղադրվող երկու սպայի դատավարությունը տեղի է ունենալու ռուսական դատարանում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Հիշեցնենք, որ հայաստանցիները շարունակում են բողոքել ու պահանջել, որ հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանդի մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվոր Վալերի Պերմյակովին անհապաղ փոխանցեն ՀՀ իրավապահներին։