Asekose.am-ը շարունակում է ներկայացնել Ֆրանսիայի Նանսի քաղաքի հայ համայնքին պատկանող հայկական ռադիոյի ՄԵՐՈՆՔ հաղորդաշարի հյուրերին. մեր գործընկերներն այս անգամ անդրադարձել է Եվրոպայում հայոց բանակի ներկայացուցիչ ԵԿՄ նախագահ Ռուբիկ Գալստանյանին:
Երբ փորձում ես մարդու մասին խոսել կամ որեւէ տող գրել, նախ ծանոթանում ես այդ մարդու կյանքին, անցած ուղուն՝ հասկանալու համար նրա վաստակն ու տեսակը:
Ռուբիկ Գալստանյանն այն մարդկանցից է, ում հետ ծանոթանալուց հետո, մտածում ես, խոսես, թե ուղղակի սովորես ու անվերջ սովորես կյանքի ճիշտ ապրելու բանաձեւը, որն ամփոփում է կյանքի մեծագույն գաղափարներն ու արժեքները՝ Հայրենիքն ու Հայրենասիրությունը: Հայրենասիրության այս դրսեւորումն է, որ ուժ է տալիս հայրենիքին այսքան մոտ մնալ՝ այդքան հեռու գտնվելով նրանից:
Դեռ 90-ականներից, պատերազմի տարիներին՝ Գալստանյանն անհնարինը հնարավոր դարձրեց նպաստելու հայ բանակի կայացմանը ու հայ զինվորին:
Նրա մարդկային տեսակը հաշվի առնելով՝ այսօր չենք շեշտի հայ բանակին նրա մատուցած ծառայությունները, որոնք նա իրագործել է մեծ սիրով ու նվիրումով: Պարզապես նշենք, որ այսօր էլ նա նույն նվիրումով կանգնած է հայոց բանակի կողքին: Գալստանյանը հայոց բանակի ներկայացուցիչն ու նախագահը Եվրոպայում՝ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հետ՝ կողք-կողքի, շարունակում է հզորացնել ԵԿՄ ողջ շարժումը:
Այս տարի լրացավ Հայոց բանակի 24-ամյակը. 24 տարի Ռուբիկ Գալստանյանը կողք-կողքի քայլեց Հայոց բանակի հետ՝ հպարտանալով նա հաջողություններով ու հաղթանակներով՝ որպես իր զավակի:
Ահա՛ այսպիսին են ՄԵՐՈՆՔ, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել մեր մեջ ՄԵՆՔ-ի գաղափարի զարգացման ու հզորացման գործում:
Պարո՛ն Գալստանյան, ՄԵՐՈՆՔ հաղորդաշարի ողջ անձնակազմը Ձեզ մաղթում է քաջ առողջություն՝ հավատով, որ միշտ կանգնած եք մեր մեջ՝ ՄԵՆՔ-ի կողքին:
Լուսինե Տերտերյան
Նանսիի հայկական ռադիո
Ֆրանսիա