▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քթի պլաստիկ վիրահատությունից հետո կոմայի մեջ գտնված Սաթենիկը 1,5 տարի անց ոտքի է կանգնել

Դեռեւս 2011թ հոկտեմբերին քթի պլաստիկ վիրահատությունից հետո ամիսներ կոմայի մեջ անցկացրած Սաթենիկը դեպքից 1,5 տարի անց ոտք է կանգնել:

NEWS.am-ն է գրում այս մասին, որին «Էրեբունի» բժշկական կենտրոնից հայտնել են, որ

աղջիկը դուրս չի գրվել հիվանդանոցից, ցերեկային ստացիոնար բուժում է ստանում, երբեմն տուն է գնում, հյուր է գնում եւ այլն: Նա այժմ վերականգնողական փուլում է, թե դա ինչքան կտեւի եւ ինչ արդյունք կունենան, ժամանակը ցույց կտա:

Հիվանդանոցի նաև հայտնել են, որ աղջիկը քայլում է, ինքնազգացողությունը լավ է, հիշողությունն ամբողջությամբ չի վերականգնվել, բայց դեպքից առաջ տեղի ունեցած բաները լավ հիշում է: «Նույնիսկ հիշել է Հունաստանում ապրող  իր ընկերոջ հեռախոսահամարը, բառացի ասել է բոլոր թվերը, որ զանգեն, խոսի հետը»,- մեզ հետ զրույցում ասաց բժիշկներից մեկը: Վաղ է ասել, թե դեպքը ինչ ազդեցություն կունենա աղջկա հետագա առողջական կյանքի վրա, թե ոչ:

Նա այժմ որեւէ դեղորայք չի ընդունում, Սաթենիկի հետ աշխատում են հոգեբանը եւ լոգոպետը: Այս շրջանում եւս կարող են աղջկան դուրս գրել հիվանդանոցից, բայց նա դեռ չի ցանկանում, արդեն հարազատ է դարձել իր հիվանդասենյակը, բժիշկներն էլ սպասում են, թե նա երբ կցանկանա տուն գնալ:

Այս դեպքի բացառիկության վրա զարմացել են ոչ միայն հայ, այլեւ արտասահմանցի բժիշկները, ովքեր ավելի վաղ այցելել եւ տեսել էին աղջկան: Բժիշկները նրա դեպքը բոլոր տեսություններից դուրս են համարում: Նույնիսկ հիմա, երբ ամեն ինչ կարծես ավարտվել է, եւ աղջիկը ոտքի է կանգնել, բժիշկները չեն կարողանում ասել, թե ինչի հետեւանք էր այս ամենը: Մեզ հետ զրույցում «Էրեբունիի» բժշիկներից մեկն ասաց, որ հնարավոր տարբերակներից մեկը կարող է լինել այն, որ աղջիկը սրտի ռիթմի խանգարում ունենա, ինչը հանգեցրել է ուղեղի հիպոքսիայի, մյուս տարբերակը էպիլեպսիայի նոպան է:

Հիշեցնենք, որ 2011թ հոկտեմբերի 7-ին Երեւանի Կիլիկիա թաղամասի բնակիչ 19-ամյա Սաթենիկ Միրզոյանը դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն` քթի պլաստիկ վիրահատության համար: Վիրահատությունն անցել է նորմալ, սակայն երբ բժիշկները փորձել են աղջկան «նարկոզից» դուրս բերել, նա ընդամենը մի քանի րոպե է ուշքի եկել, այնուհետեւ անհասկանալի ձեւով ընկել է ցնցման մեջ ու տարօրինակ շարժումներ արել: Դրանից հետո նա ավելի քան 5 ամիս կոմայի մեջ էր, սկզբից առաջընթաց չկար, սակայն աստիճանաբար Սաթենիկը սկսեց աչքերը փակել, բացել եւ այլն:

Աղջիկը 10 տարվա լատինո-ամերիկյան պարուհի է: Սաթենիկի բարեկամները չեն հասկանում, թե ինչ է կատարվել աղջկա հետ եւ վստահեցնում են, որ նա երբեւէ, այդ թվում եւ վիրահատությունից առաջ, առողջական խնդիրներ չի ունեցել։ Արտերկրից հրավիրված պրոֆեսորներն էլ չեն կարողացել որեւէ կերպ բացատրել, թե ինչու պետք է նման երեւույթ արձանագրվեր:

 

Աղբյուրը` news.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее