▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քնկոտ» օդաչուի պատճառով թռիչքը 24 ժամ հետաձգվել է․ ի՞նչ են պատմում ուղևորները

Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՈՒրեմն, սրանք իբր ավիաչվերթներ են իրականացնում Երևան-Շարմ էլ Շեյխ ուղղությամբ: Վերջին ավիաչվերթներից մեկը հետաձգվել է շուրջ 24 ժամով: Ըստ «պաշտոնական» վարկածի, հետաձգման պատճառը օդաչուի քնկոտությունն է: Ասում են, որ օդաչուն թռիչքից առաջ քնել է:

Որևէ մեկը չի վիճարկում, որ մարդը քնելու իրավունք ունի: Սակայն, ո՞վ ասաց, որ Երևան-Շարմ Էլ Շեյխ ավիաչվերթի օդաչուն պետք է քնելու իր իրավունքը հենց Երևանում իրագործի: Կամ` արդյո՞ք արդարացված է 24 ժամ տևողությամբ քունը:

Կարծում եմ` սա սովորական քուն չէր: Ենթադրում եմ` օդաչուի խոր և երկարաժամկետ քունը վերջինիս խմածության արդյունք է: Այս իմաստով, շատ լավ է, որ օդաչուն քնած է մնացել: Իսկ ավելի լավ կլինի, որ SkyUp Airlines-ի օդաչուները Հայաստանում քնելու փոխարեն ՈՒկրաինան պաշտպանեն: Հայաստանում առանց իրենց էլ քնածների պակաս չկա»:

***

ՕրագիրՆյուզ-ն էլ գրում է․ «Ուկրաինական «SkyUp Airlines» ավիաընկերությունը, որն իրականացնում Երևան-Շարմ էլ Շեյխ ուղղությամբ: Ընկերությունը վերջին ավիաչվերթներից մեկը հետաձգել է գրեթե 24 ժամով:

Ըստ օդանավակայանի վարկածի, հետաձգման պատճառը օդաչուի հոգնած լինելն է: Օդաչուն թռիչքից առաջ քնել է:

Մեզ հետ զրույցում չվերթի ուղևորներից Արման Կարապետյանը պատմեց, որ սկզբում 2 ժամով հետաձգել են թռիչքը, հետո ասել, որ օդաչուն հոգնած է և քնել է։

«Մեր թռիչքն առավոտյան 7։20 էր։ Մենք երեխաների հետ ժամը 6-ին օդանավակայանում ենք եղել։ Մի քիչ սպասեցինք, հետո ասեցին, որ 9։20 է լինելու թռիչքը։ Հետո 9։30 կողմերն էկան իրանց համար հանգիստ ասեցին՝ գիտեք ինչ կա, օդաչուն եկել ա, հոգնել ա, պետք ա քնի, իրանց իրավունքն ա քնելը, մոտ մի 10 ժամ պետք ա քնի ինքը։ Գնացեք 6-ի կողմերը եկեք, 7։30 նոր թռիչքը կլինի։

Դե մի քիչ խառնաշփոթ սկսեց, ամեն մեկը սկսեց գոռգոռալ, դե պարզա ամեն մեկը պլանավորել էր իր հանգիստը։ Գնացինք ժամը 6-ին եկանք, տեսանք արդեն թռիչքը ժամը 8-ին էին հետաձգել։ Մեծ հաշվով 8։20 էղավ թռիչքը ու տենց մի օրը կորավ հյուրանոցում, 11։20 նոր հասանք հյուրանոց»,- ասաց նա։

Արման Կարապետյանի խոսքով՝ փոխհատուցման մասին դեռ տեղյակ չեն։

«Մենք դեռ Եգիպտոսում ենք, կգանք կհասկանանք։ Աշխատող ենք ունեցել, որ էլի սենց պատմության մեջ ա ընկել այս ընկերության հետ։ Ինքը ոնց որ ամսի 3-ին էր էկել, իրան էլ 10 ժամ ուշացրել էին՝3600 դրամ էին փոխհատուցել։ Վիդեոները, որ քցել էի, պարզվեց, որ լիքը մարդկանց հետ նման պատմություններ ա եղել։ Մի մասին փոխհատուցել են, մի մասին՝ չէ»,-նշեց նա։

Հարցին՝ ուղևորները ողջ ժամանակ սպասե՞լ են օդանավակայում, նա պատասխանեց․
«Աշխատողները որոշ մարդկանց հյուրատուն ուղարկեցին, չգիտեմ մանրամասն։ Մենք գնացինք տուն, հետո էկանք։

Չգիտեմ մեր օդանավակայնը ոնց ա աշխատում այս ընկերության հետ, որ անընդհատ նման խնդիրներ է ունենում։ Եթե ինչ-որ ընկերություն անընդհատ նման խնդիրներ է ստեղծում, ուղղակի մի աշխատեք հետը»»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее