ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ԱՆ Արթիկ քրեակատարողական հիմնարկի պաշտոնյայի նկատմամբ դատապարտյալի կողմից բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ Արթիկ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, այդ թվում` անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ Խաչիկ Վ.-ն և նույն բաժնի առաջատար մասնագետ Հովհաննես Կ.-ն 2016թ.-ի օգոստոսի 10-ին խուզարկություն են կատարել հիշյալ ՔԿՀ-ի խցերից մեկում: Սակայն խուզարկության ընթացքՔԿՀ-ի խցերից մեկումին խոչընդոտելու նպատակով դատապարտյալ Գևորգ Ս.-ն բռնություն է գործադրել Հովհաննես Կ.-ի նկատմամբ` նրան պատճառելով մարմնական վնասվածքներ: Նույն խցում գտնվող մյուս երկու դատապարտյալները նույնպես խոչընդոտել են խուզարկության ընթացքին` սպառնալով հիշյալ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնություն գործադրել` կապված վերջիններիս ծառայողական պարտականությունների կատարման հետ:
Նախաքննության ընթացքում հիշյալ դատապարտյալներն էլ հայտնել են, որ Արթիկ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խուզարկության ժամանակ իրենց նկատմամբ անհարկի ու ապօրինի բռնություն են գործադրել:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: