ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Քաջարանում քաղաքացու ավտոմեքենան այրելու դեպքի բոլոր հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել փեսային:
2017թ. հուլիսի 19-ին՝ ժամը 04:25-ին, ահազանգ էր ստացվել առ այն, որ Քաջարան քաղաքի շենքերից մեկի բակում ավտոմեքենա է այրվում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենան հրկիզվել է դիտավորյալ կատարված գործողությունների արդյունքում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որով ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ պարզվել են դեպքի հանգամանքները, դրդապատճառը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է քաղաքացու փեսան:
Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ փեսան անձնական խնդիրներում՝ կնոջից փաստացի ամուսնալուծվելու հարցում, մեղադրել է աներոջը և 2017թ. հուլիսի 19-ին՝ ժամը 03-ի սահմաններում, բենզինը լցնելով աներոջը պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածին՝ այրել և հրկիզման եղանակով վնասել է այն:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ փեսային մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Քաջարանում փեսան այրել է աներոջ ավտոմեքենան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet