▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՊՊԾ գնդի գրավումը և Արցախի հանձնումը». Արմեն Բիլյանի հոդվածը` կալանավայրից

Դատապարտյալ Արմեն Բիլյանը հանդես է գալիս հոդվածներով, որոնցից վերջինը ներկայացնում ենք ստորև.

«Ինչպես որ ավելի քան երկու տասնամյակ առաջ «քաղաքական ասպարեզում» հայտնվելուց հետո Ժիրայր Սեֆիլյանը չի իրականացրել իր հռչակած «ազգային նպատակների» և ո՛չ մեկը, նույնպես էլ նա չի իրականացնելու ներկայում հռչակած իր «նպատակը»՝ «ազգային պետություն», «ինքնիշխանություն» եւ այլն: Չի՛ իրականացրել և չի՛ իրականացնելու, ոչ թե որովհետեւ շատ է ցանկանում, բայց ուժերը չեն պատում, այլ որովհետեւ նա իրականում հետապնդում է բոլորովին այլ նպատակներ՝ բավարարել իր փառասիրությունը, մնալ «քաղաքական» թաթերաբեմում, այդ միջոցներով մութ ծառայություններ մատուցել, և փող կորզել: Այս նպատակների համար նա միշտ պատրաստ է ազգային գաղափարներ և կարգախոսներ շահարկելով անկայունություն ստեղծել հօգուտ մեր արտաքին և ներքին թշնամիներին:

Իրականում նա շատ փոքր է և ապիկար նույնիսկ իր իսկական նպատակներն ամբողջությամբ իրականացնելու համար, բայց վնաս, այն էլ մեծ վնաս, այնուամենայնիվ հասցնում է:
Ժողովրդի ջախջախիչ մեծամասնության համար նրա ով լինելը բացահայտված է և ինչպես վերջին երեք տարիների փորձը ցույց է տալիս, նա երբեք չի կարողանալու զանգված հավաքել իր շուրջ: Բայց իր իրական նպատակները հետապնդելու համար նրան մեծ զանգվածներ պետք չեն: Հերիք են մի քանի մեղսակիցներ, իր և վերջինների կարգախոսներով ու իր շուրջ ստեղծած կեղծ կերպարից մանիպուլացված մի քանի տասնյակ ակտիվիստներ, և 2-3 հազար խաբված համակիրներ: Այսքանն էլ հերիք են նրան, իր տերերի պատվերը` սեւ գործը շարունակելու համար:

2008 թվականից մինչեւ 2016 թվականը ես եղել եմ մոլորվածներից մեկը և օրնիբուն մասնակցել եմ նրա «պայքարին»: Իմ նկատմաբ իր դավաճանությունը, անազատության մեջ անցկացրած 7 տարիների հետահայացը և ընթացող դիտարկումները բացել են իմ աչքերը:

Իմ նպատակն է, որ մեր հայրենիքի և ազգի դիմագրաված այս ամենավտանգավոր ժամանակներում փոքրաթիվ խաբվածները եւս իրենց աչքերը բացեն և գիտակցեն, որ նրան հավատալով ու աջակցելով, նրանք ոչ միայն ոչնչով չեն նպաստում նրա և նրա մի քանի մեղսակիցների հրապարակային հայտարարած «վեհ նպատակներին», այլ հակառակը, ակամա մասնակցում են նրա սեւ գործին:
Հատկապես վերջին տարիներին Ժիրայրի և Բեւեռի վարած գործունեությունը ուղղակիորեն ծառայում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերին:

44-օրյա պատերազմի ընթացքում նա Արցախյան առաջին պատերազմում հրամանատարական պաշտոն ստանձնած երեւի միակ մարդն էր, ով ոտք չդրեց Արցախ, դիմադրությանը նպաստելու նպատակով ոչինչ չարեց, և իրեն դիմողներին նույնիսկ ապաքաջալերեց մեկնել այնտեղ: Հիշեք պիկապի առասպելը: Այդ օրերին Վարուժան Ավետիսյանը նույնպես լինելով պահեստազորի սպա` գնդապետ, չխառնվեց պատերազմական գործողություններին` չմեկնեց Արցախ: Ժիրայրը եւ Վարուժանը նախապես գիտեին, որ լինելու էր պայմանավորված պատերազմ և պայմանավորված պարտություն: Հենց դա էր պատճառը, որ մեկը պիկապ էր փնտրում, մյուսը իր գյուղական տանը համբերատար սպասում:

Նոյեմբերի 9-ի խայտառակությունից հետո թշվառը հայտարարեց, որ գնալու են Քարվաճառ, կարեւորագույն այդ տարածքի հանձնումը «թույլ չտալու» համար: ԱԱԾ-ն նրան և մի քանիսին հրավիրեց հարցաքննության ու գործ հարուցեց: Այդ պատրվակով Ժիրայրի Քարվաճառի «փրկության ծրագիրը տապալվեց»: Իր դեմ գործ հարուցելը բավարար եղավ, որ նա հրաժարվի հայրենիքը փրկելու իր «վեհ առաքելությունից»: Նա, ով խոստացել էր «հող հանձնողին հողին հանձնել», ոչինչ չարեց պատերազմի օրերին և դրանից օրեր անց հայրենի հողը պաշտպանելու համար: Այստեղ եւս Նիկոլը հասավ Ժիրայրի օգնության, դավաճանական անգործության կեղծագույն պատրվակ տալով նրան: Պահեստազորի սպաներ՝ Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը, շուրջ երկու ամիս` 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր, հանգիստ, առանց որևէ ընդվզման դիտարկում էին ԱԿՆԱՅԻ, ԴԱԴԻՎԱՆՔԻ, ՔԱՐՎԱՃԱՌԻ, ՍԱՆԱՍԱՐԻ, ԿՈՎՍԱԿԱՆԻ, ԱՐՑԱԽԻՑ շուրջ 6 հազար քառակուսի կիլոմետր առանց կրակոցի հանձնումը:

Սերժը մինչև մեր ՊՊԾ գունդ մտնելը Ժիրայրին կալանավորեց և տեղավորեց ապահով վայրում` մեկուսարանում: Նիկոլն էլ 2020-ին մի հերթական գործ հարուցեց, որ Ժիրայրին ապահովագրի: Ինչ համընկնում` եւ՛ Սերժը եւ՛ Նիկոլը արգելում են Ժիրայրին զենք վերցնել ու մարտի գնալ: Ժիրայրն էլ Ազատության հրապարակում «խրամատ է փորել» և գործածում է «ապագաղութացում բղավոցը» որպես զենքը:

Ամբողջ երեք տարի, 2021 թվականից 2023 թվականը նա հայտարարեց, որ «երկրի պաշտպանության խրամատները գտնվում են ոչ թե սահմաններում, այլ Երեւանի կենտրոնում»:
Նա և իր մեղսակիցները շարունակ հեգնեցին «եթե ռուսը չլինի թուրքը մեզ կուտի» թեզը և որդեգրեցին «եթե ամերիկացին չլինի թուրքն ու ռուսը մեզ կուտեն» թեզը: Այսինք` «եթե հայը ազնիվ հրամանատարներ չունենա նրան կուտեն» թեզն անտեսելով, նա հրապարակում է խայտառակ ուղերձներ, կատարելապես գիտենալով հանդերձ, որ երբեք ոչ մի օտար նպատակ չի ունեցել, ոչ էլ հայտարարել է մեզ «փրկելու» իր մտադրության մասին: Ժիրայրի այդ ուղեգիծը բացահայտ ծառայում է Հայկական պետականության վերացնելու ծրագրին: Այս օրհասական ծանր` երրորդ համաշխարհային պատերազմի մեջ հայտնված այրվող Մեծ, Միջին Արեւելքում չի կարելի ժողովրդին սին հույսերով կերակրել ու կուրացնել և Ռուսաստանին եղածից էլ ավել մեզ թշնամացնել:

2021 թվականին նա նույնիսկ պատժեց իր շրջապատից 3 հոգու, ովքեր, հակառակվելով իր հրամանին գնացել էին Սյունիք դիրքեր պաշտպանելու: Չնայած դրան, և չնայած Երեւանի կենտրոնը այլ ոչ թե սահմանները խրամատ հռչակելուն, այս երեք տարիների ընթացքում 3 անգամ փորձեց իր շուրջ աշխարհազոր հավաքագրել, վերջին անգամ սեպտեմբերյան՝ Արցախյան, աղետից հետո: Այդ փորձերն անշուշտ ավարտվեցին խայտառակ ձախողությամբ: Այլ կերպ չէր կարող լինել: Բայց կասկած չկա, որ դրանց նպատակը ոչ թե սահմանների պաշտպանությունն էր, այլ, ինչպես Քառօրյա պատերազմը շահարկելով արել էր 2016 թվականին` Երեւանում նոր արկածախնդրության պատրաստվելը: Այս 3 տարիների ընթացքում նա ստացավ բազմաթիվ պիկապների գումար, սակայն այդպես էլ չմեկնեց սահման գոնե արձանագրելու` Սոտքից մինչև Ներքին Հանդ, Արմաշ-Երասխից մինչև Պարույր Սևակ-Զանգագատուն, Ջերմուկից մինչև Անգեղակոթ-Շաղաթ, Սոֆուլու-Բարխուդարլու ինչպեսի ռազմական շինարություն է տեղի ունեցել և ինչի համար: Նա չգնաց Սև լիճ և Գորիս-Որոտան-Շուռնուխ: Չգնաց և չէր քաջալերում գնալ այլոց, քանի որ պետք չէր տեղեկություն տրամադրել նոր սպասվող իրական պատերազմի մասին:

Չորս ամյա դպրոցական գրագիտությամբ Ժիրայրն իր ծավալած սեւ գործունեության ընթացքում հայտարարել է տարբեր իրարամերժ հայեցակարգերով առաջնորդվելու մասին: Մինչև 2010 թվականի սկիզբը Ժիրայրը ակնառու ռուսամետ էր, այդ ժամանակ նրա տեղակալն էր, այժմ ռազմական վերլուծաբան` Հայկ Նահապետյանը: Նրա շրջապատում Գարեգին Չուքասզյանի և Վարուժան Ավետիսյանի հայտնվելուց հետո` շուրջ երկու տարի անց Հայկ Նահապետյանը հեռացավ և նա կամաց-կամաց դարձավ հակառուս: Ով էր նշանակել Հայկ Նահապետյանին որպես նրան տեղակալ, հետագայում նրա մոտ ներդնելով Գարեգին Չուքասզյանին և Վարուժան Ավետիսյանին, իսկ ավելի ուշ որպես հավելված գումարելով նրա շրջապատում խորհրդային ԿԳԲ աշխատակից արեւլագետ, թարգմանիչ և Կանադայի քաղաքացի Արա Պապյանին կարծում եմ ապագայում հստակ կբացահայտեն արխիվները: Համենայն դեպս նրա շրջապատի ընտրությունը և նրա կտրուկ՝ իրարամերժ ուղերձները փաստում են, որ նրան ուղորդում են նույն` հակահայկական կենտրոնից:

Մենք մտել էինք ՊՊԾ գունդ հստակ ձևակերպված պահանջով և այնտեղից պետք է դուրս գայինք մեր պահանջների կատարմամբ: Բայց ավաղ մեզ ՊՊԾ գնդից հանեցին և ձևակերպեցին այլ պահանջ: Վարուժան Ավետիսյանը ՊՊԾ գնդից դուրս գալուց հայտարարեց, որ ընդամենը «կայծն էին ուզում տալ, ինչի իմաստով բավարարված է»: ՊՊԾ գնդից դուրս գալուց Վարուժան Ավետիսյանը նաև մեր անունից տարածեց տեքստ, որը համաձայնեցված չէր իմ նման խաբվածի հետ: Մենք մտել էինք ՊՊԾ գունդ հստակ ձևակերպված պահանջով` Սերժ Սարգսյանի հրաժարական, քաղբանտարկյալների ազատում, ժամանակավոր կառավարության ձևավորում և հողերի հանձման բացառում: Բայց իրականությունն այլ էր: Մենք պետք է խաղայինք «ՊՊԾ գրավում և Սասնա Ծռեր ապստամբություն» ֆիլմում: Ֆիլմի սցենարով իրադարձությունները պետք է տեւեին շուրջ երկու շաբաթ: Որից հետո դերասաններին՝ Սասնա Ծռեր խմբի անդամներին, ՊՊԾ գնդից պետք է հանձնեին Սերժ Սարգսյանի ռեժիմին: Արթուր Վանեցյանն էլ նշանակված էր որպես ընդունող-հանձնող: Ֆիլմի առաջին սերիան երկարացրեց Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը և նա անցնցում փոխանցեց իշխանությունը Նիկոլին, որպեսզի նա էլ իր հերթին իր ձեռքով` ցեղասպանությամբ ու պայմանավորված պատերազմով կատարեր հողերի հանձնումը: Բայց այս ամենը դեռ միայն սկիզբն էր: Ֆիլմի առաջին սերիան: Փաստորեն մեզ օգտագործեցին, որպեսզի կայծ տային ցեղասպանությանը ու հայրենազրկմանը և Հայաստանի նորովի գաղութացմանը:
(Շարունակելի)

Արմեն Բիլյան
«Արմավիր» ՔԿՀ
29 հունվարի, 2024 թվական»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее