▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատմական Հայաստանը չի ճանաչում իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը»․ Փաշինյան

«Այս դահլիճում տեղի ունեցող բանավեճերում բախվում են երկու տեսակետներ, որոնցից մեկը կարելի է տեղավորել պատմական Հայաստան, մյուսը իրական Հայաստան բանաձևերի ներքո»,- այսօր ԱԺ-ում, կառավարության ծրագրի 2023 թվականի կատարողականը ներկայացնելիս, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պատմական Հայաստանը չի ճանաչում իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետև իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը սահմանափակող գործոն է պատմական Հայաստանի համար և նրան դրսևորվելու հնարավորություն չի տալիս։ Այս առումով, կամա թե ակամա, պատմական Հայաստանը ձայնակցում է մի շարք երկրների հետ, որոնք նկրտումներ ունեն իրական Հայաստանի ինքիշխանության, անկախության, տարածքների նկատմամբ, որովհետև իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանը նույնկերպ սահմանափակող գործոն է այդ երկրների ախորժակի համար»,- ասել է նա՝ նշելով, որ պատմական Հայաստանի տեսլականը մեզ կառաջնորդի դեպի ցեղասպանության թակարդ։ Իսկ իրական Հայաստանի հայեցակարգը որքանո՞վ է երաշխավորում ՀՀ անվտանգությունը, ինքն իրեն տրված հարցին Փաշինյանը պատասխանել է՝ ասելով․ «Պետք է պնդեմ, որ ժամանակակից աշխարհում եթե գոյություն ունեն երաշխիքներ, ապա դրանք բացասական երաշխիքներ են, այսինքն ինչ-որ երաշխիքներով ինչ-որ չափով ապահովում են միայն բացասական սպասումները, իսկ դրական սպասումների երաշխիքներ գոյություն չունեն։ Հետևաբար այդ պայմաններում բացասական երաշխիքների կառավարումն ու չեզոքացումն է, որ կարող է դրական երաշխիք դառնալ. այլ տարբերակ չկա»:

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։

***

«Իսկ Տավուշի սահմանի նշյալ հատվածում սահմանազատումը և դրա արդյունքների իրագործումը երաշխավորո՞ւմ է արդյոք, որ Ադրբեջանը կպահի սահմանազատումը շարունակելու տրամաբանությունը և կվերադարձնի մեր ավելի քան 3 տասնյակ գյուղերի կենսական նշանակության տարածքները։ Չի՛ երաշխավորում, բայց նշված տարածքում սահմանազատումից հրաժարվելը երաշխավորում է, որ Ադրբեջանը չի վերադարձնի մեր գյուղերի կենսական նշանակության տարածքները։ Այս նեգատիվ երաշխիքը նախ պետք է չեզոքացնել»,- այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի 2023 թվականի կատարողականի զեկույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

***

«Հայաստանի պետականությունը վերացնելու փորձերից է եղել 2021 թվականի մայիսի 12-ին, երկու օր անց այն բանից հետ, երբ ՀՀ ԱԺ լուծարված էր, կառավարությունը հրաժարական էր տվել՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով։ Ադրբեջանի զինված ուժերը Սոթք-Խոզնավար հատվածում ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այն ժամանակ կային ուժեր, որոնք մեզանից պահանջում էին ռազմական գործողություններ սկսել, որպեսզի ինչպես իրենք էին ասում, ՀԱՊԿ-ը գա մեզ օգնության։ Նրանց տրամաբանությամբ՝ առանց ռազմական գործողությունների ՀԱՊԿ-ը չէր կարող նման բան անել։ Այդ հետո պետք է պարզվեր, որ ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից է ուզում գալ Հայաստան, այլ որպես խաղաղապահ, ինչով փաստացի Հայաստանին դուրս էր դնում անվտանգային երաշխիքների իր համակարգից»,- նշեց Փաշինյանը։

***

Կառավարության ծրագրի 2023 թվականի կատարողակյանի զեկույցի ժամանակ վարչապետ Փաշինյանը հատուկ անդրադարձ կատարեց Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին. «Այդ հարաբերությունները ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, բայց դրանց կարևորությունը մեր պետականության, ինքնիշխանության, անվտանգության և տնտեսության համար դժվար է գերագնահատել։ Հայաստան-Ռուսաստան օրակարգային տարբեր հարցերի մասին վերջին տարիներին հաճախ եմ խոսել։ Այսօր ուզում եմ ընդգծել, որ մենք իսկապես ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չենք արել։ Չկա մի տեղ, որտեղ մեր գործընկերները մեզ կարող են մեղադրել մեր պարտավորությունները չկատարելու մեջ, հակառակ դեպքերը ցավոք բազմաթիվ են։ Բայց ուզում եմ ընդգծել, որ մենք չենք ուզում վիճել Ռուսաստանի Դաշնության հետ ոչ թե այն պատճառով, որ դրա հնարավորությունը և ուժը չունենք, այլ այն պատճառով, որ մենք գնահատում ենք այն ահռելի դրականը, որ եղել է և կա մեր հարաբերությունների մեջ։ Իմ գնահատմամբ տեղի է ունենում նույնը՝ պատմական Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից անցում է կատարվում իրական Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների»,- ասել է Փաշինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее