Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչ Աշոտ Վարդանյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. Օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) և 235 հոդվածի (Ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է փետրվարի 24-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում Դավիթաշեն 2-րդ թաղամասի 34 շենքի 1-ին հարկում տեղակայված բնակարաններից մեկում կատարված ավազակային հարձակման փաստով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ օրը երեք անձինք մուտք են գործել 33-ամյա Հենրի Վարդապետյանի բնակարան և փորձել գողություն կատարել:
Հ. Վարդապետյանը, ով մասնագիտությամբ արհեստավոր է, այդ պահին տանը չի եղել:
Եվ երբ վերադարձել է տուն, տանը եղել են երկու հոգի, որոնցից մեկը հրազենով սպառնացել է նրան և դիմել փախուստի:
Հ. Վարդապետյանը, մտնելով տուն, տան իրերը ամբողջությամբ գտել է խառնած՝ գետնին թափած:
Այս ժամանակ մի հոգի էլ ննջարանից է դիմել փախուստի:
Նույն օրը կանչով դեպքի վայր ժամանած Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի աշխատակիցները սկսում են ձեռնարկել օպերատիվ-հետախուզական համալիր քննչական միջոցառումներ:
Նույն օրն էլ պարզվում է, որ աջ ոտքի ոլոքի բազմաբեկորային կոտրվածքով Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արմավիր քաղաքի Սահմանապահների 47 շենքի բնակիչ 31-ամյա Սամսոն Պողոսյանը:
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին Ս. Պողոսյանը հայտնում է, որ վնասվածքը ստացել է Արմավիր քաղաքում՝ աներոջ տանը:
Սակայն Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ-քննաչական խումբը պարզում է, որ այդ ամենը սուտ է, և նրան Էրեբունի հիվանդանոց է տեղափոխել հայրը՝ Սեյրան Պողոսյանը, ով աշխատում է Երևան քաղաքի շտապ-օգնության կենտրոնում՝ որպես վարորդ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Դավիթաշենի բնակարանից փախուստի ժամանակ Սամսոնը վնասվածք է ստանում և ընկերների միջոցով այդ մասին տեղեկացնում է հորը, ով էլ գալիս և տղային տեղափոխում է հիվանդանոց:
Այս պահին քննիչի որոշմամբ՝ Սամսոն Պողոսյանը ձերբակալված է և ոստիկանների հսկողության տակ գտնվում է Էրեբունի հիվանդանոցում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, ըստ տեղեկությունների, Սամսոնը նախկինում երկու անգամ դատապարտված է եղել և մեկ անգամ դատված է եղել Ազգային Ժողովի պատգամավոր Ռուստամ Գասպարյանի՝ Ջանֆիդա գյուղում գտնվող տան վրա կրակելու համար: