ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նոր հոդվածը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից. «Մյունխեն-2024. Հայաստանը՝ որպես թյուրքական աշխարհի մաս
Արդեն հեռավոր թվացող 2018թ. փետրվարն էր։ Հայաստանի Հանրապետությունը մյունխենյան անվտանգության կոնֆերանսի աստղերից էր, քանզի դրանից 4 ամիս առաջ նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերով ստորագրվել էր Եվրոպական միության հետ Համափարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (СEPA-ն), որը ԵԱՏՄ անդամի աննախադեպ հաջողության պատմություն էր ԵՄ-ի հետ հարաբերություններում։
Հայաստանի օրինակը բարձրաձայնվում էր՝ որպես ոսկերչական ճշգրտությամբ դիվանագիտության գլուխգործոց թե՛ ՌԴ պաշտոնյաների, թե՛ ԵՄ բարձրաստիճան ղեկավարության կողմից, որոնց միջև հարաբերություններում արդեն կար 2008-ի ռուս-վրացական պատերազմը, 2014-ի՝ Ղրիմի շուրջ զարգացումները և 2011-ի ռուսական ռազմական օպերացիան Սիրիայում։
Հայաստանն ուժեղ էր, արժանապատիվ, ինքնուրույն և հաջողված, իսկ ստորագրված փաստաթուղթը՝ CEPA-ն, այնքան կենսունակ և էֆեկտիվ էր, որ իր նշանակությունը՝ որպես Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրավական շրջանակ, պահպանել է մինչև այսօր։ Հայաստանի համար այդ ձեռքբերումը կրկնակի էր, քանզի նշված փաստաթղթով իրավական պարտադիր ուժ էր ստանում ԵՄ բոլոր անդամ երկրների համար նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորումը՝ որպես արցախյան կարգավորման հիմնարար սկզբունքներից մեկը։
2020-ի փետրվարին Մյունխենում Հայաստանը ներկայացնում էր արդեն Նիկոլ Փաշինյանը, որի խայտառակ և ձախողված բանավեճն Իլհամ Ալիևի հետ հնարավոր չէր ցիտել առանց վալիդոլի կամ մի 200 գրամ օղու։
Այս տարվա Նիկոլի մյունխենյան վոյաժն անփառունակ դիվանագիտական ձախողումների շքերթում հերթական ֆիասկոն էր Հայաստանի արտաքին քաղաքականության համար։ Բերեմ ընդամենը երկու ակնհայտ և աղաղակող փաստ։
Նախ, Մյունխենում կայացավ կարճատև եռակողմ հանդիպումը Շոլց-Փաշինյան-Ալիև ձևաչափով, որը շարունակվեց արդեն Նիկոլ-Իլհամ ձևաչափով։ Եռակողմ հանդիպման ձևաչափը և դրան հետևած երկկողմը փաստացի Ադրբեջանի պահանջների բավարարումն էր Հայաստանի կողմից։ Հարց է ծագում. Մյունխենում էր գտնվում Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Վան դեր Լեյենը, ինչո՞ւ ԵՄ-ն չէր այդ հանդիպման միջնորդը։ Մյունխենում էր գտնվում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը. ինչո՞ւ ԱՄՆ-ը չէր միջնորդը։ Էլ չեմ խոսում Ֆրանսիայի միջնորդական փորձի մասին։
Պատասխանը շատ պարզ է. Ադրբեջանին հաջողվել է, քննադատելով ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ֆրանսիայի միջնորդական դերակատարությունը՝ հասնել իր համար ամենաընդունելի, Հայաստան-Ադրբեջան օրակարգում երբեք չխորացած և Ալիևի համար կոմֆորտ Գերմանիայի կանցլերի միջնորդությանը։ Այն Օլաֆ Շոլցի, ով Ուկրաինայի դեպքում պնդում է, որ խաղաղության պայմանագիրը չի կարող լինել պարտադրված, ուժի կամ դրա սպառնալիքի տակ, իսկ Հայաստանի դեպքում ոչ միայն աչք է փակում ադրբեջանական շարունակական ագրեսիայի վրա, այլև իր լուման է ներդնում ագրեսորի ակնհայտ ճնշումների տակ, այսպես կոչված, խաղաղության գործընթացին։ Այն Օլաֆ Շոլցին, ում համար Ռուսաստանի նախագահն ավտորիտար կառավարիչ է, բայց խայտառակ ընտրություններով վերջերս ինքնավերընտրված Ալիևը՝ բանակցային գործընկեր։
Փաշինյան-Ալիև երկկողմը նույնպես Ադրբեջանի ցանկությունն էր, քանզի Ալիևը գնալով ավելի համառ և հանդուգն է խոսում այն մասին, որ միջազգային միջնորդներ Հայաստանի հետ բանակցություններում չպետք է լինեն, որ այդ հարաբերությունները պիտի դադարեն լինել միջազգային օրակարգի մաս։
Այսինքն՝ Նիկոլը բավարարել է նաև Իլհամի այդ պահանջը։ Փաշինյանի օգնությամբ հայկական հարցը սրընթաց դառնում է Թուրքիայի և Ադրբեջանի ներքին հարցը։ Փաստորեն, ինչպես և զգուշացնում էինք, Արցախն Ադրբեջանի ներքին հարց դարձնելուց հետո Հայաստանի վարչապետ ներկայացող անձը Հայաստանն է դարձնում թյուրքական աշխարհի մաս»:
«Փաշինյանի օգնությամբ հայկական հարցը սրընթաց դառնում է Թուրքիայի և Ադրբեջանի ներքին հարցը». Աշոտյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet