Հանգամանքների բերումով, ցավոք վերջին կես տարին շատ առնչվեցի բուժհիմնարկների, բժիշկների, կրտսեր անձնակազմի հետ: Պետք է ասեմ, որ ամենևին հիացած չեմ, այլ ընդհակառակը հիասթափված, հուսահատված և զայրացած…
Իհարկե շատ բուժաշխատող հարազատներ, բարեկամներ, ընկերներ, ծանոթներ ունեմ, որոնց թվում կան իրենց գործին, Հիպոկրատի երդմանը նվիրյալներ, լավ, շատ լավ մասնագետներ, իսկական բժիշկներ կան: Սակայն վատը, տգեղը, խղճուկ վիճակը, ոչ պրոֆեսիոնալիզմը, նեգատիվը շատ է ու աղաղակող:
Կոնկրետ իրավիճակներով շփվելով բուժ անձնակազմի հետ, ես ակամա հիշեցի «Կարգին սերիալի» հերոսներից մեկի` Վարդանի սիրած խոսքերը. «Պասերով, ցավներդ տանեմ`պասերով»: Բժիշկները` այդ թվում լուրջ, հայտնի մասնագետները, հաճախ նույն հիվանդությամբ տալիս են հակասական , իրարամերժ ախտորոշումներ, շատ դեպքերում «պաս տալիս» կոլեգաներին, ուղղորդում կոնկրետ դեղատներ, ախտորոշման կենտրոններ …Ցավոք շատացել են շառլատանները, մասնագիտական ահավոր ցածր մակարդակ ունեցող բժիշկները, քույրերը:
Անձնական դառը փորձից և իմացած տեղեկատվությունից` իմ կարծիքով շատ մեծ տոկոս են կազմում քաղցկեղը, սրտանոթային, ողնաշարի` դրա հետ կապված նյարդային հիվանդությունները, շաքարախտը: Ես չեմ հիշում որևէ վիճակագրական, վերլուծական, տեղեկատվական հանրամատչելի հոդվածներ, թողարկումներ, հաղորդումներ, ծրագրեր այդ տարածված հիվանդությունների վիճակի, տարվող պայքարի, կանխարգելման խնդիրների, հեռանկարի, մտահոգությունների կամ պետական լուրջ ծրագրերի վերաբերյալ:
Եթե կա ես ներողություն եմ հայցում, սակայն եթե լիներ հանրությունը տեղեկացված կլիներ և անպայման կլուսաբանվեր ԶԼՄ-ներում:
Մեծ տեսակարար կշիռ կազմող այդ «հիմնական» հիվանդություններով հարկավոր է լավ մասնագետներին պետական հովանավորչությամբ ուղարկել արտերկիր` աշխարհի լավագույն կլինիկաներ, այնտեղ վերապատրաստվելու, հմտություն, համապատասխան փորձ ձեռք բերելու համար: Բայց պետք է ուղարկել ոչ թե ծանոթ-բարեկամներին, այլ արժանավորներին: Էլ չեմ ասում հենց այդ հիվանդությունների գծով մասնագիտացված, ժամանակակից տեխնիկայով հագեցած բաժանմունքներ, կլինիկաներ ունենալու անհրաժեշտության մասին: Ընդորում, բուժումը հիմնականում պետք է իրականացի պետպատվերի շրջանակներում, հատկապես ծանր հիվանդներինը:
Լուրջ, շատ լուրջ խնդիր է, գենոֆոնդի պահպանման խնդիր է…Մեր ազգի, պետության առաջնահերթ, ռազմավարական խնդիրներից է, ուստի պետք է օգտագործել Սփյուռքի, Հայրենիքի մեծահարուստների, արտերկրի, հայազգի մասնագետների, «Հայաստան հիմնադրամի» հնարավորությունները…
Հիմնադրամը լավ է, որ զանազան ծրագրեր է հովանավորում` ջրագծեր, ճանապարհներ կառուցում, սակայն եթե այսպես շարունակվի, այդ հիվանդությունները ավելի մեծ տեսակարար կշիռ կազմեն, ապա այդ ճանապարհներով երթևեկող այլևս չի մնա…
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը
Ֆեյսբուք