▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փա՜ռք քեզ անուն, որ փրկեցիր ինձ կորստից.Այսօր Լեռ Կամսարի ծննդյան օրն է

Հայ երգիծաբանության ամենափայլուն դեմքը Պարոնյանից և Օտյանից հետո Լեռ Կամսարն է: Լեռ Կամսարը (իսկական անվամբ՝ Արամ Թովմաղյանը) ծնվել է 1888 թվականի հոկտեմբերի 24-ին, Վան քաղաքում, հոգևորականի ընտանիքում: Սկզբնական կրթությունը ստացել է տեղի ամերիկյան վարժարանում: Հայրը՝ տեր Թովմասը, մտադրություն ունենալով որդուն էլ դարձնել հոգևորական, 1902թվականին ուղարկում է Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում ուսանելու:

1909 թվականին ավարտելով ճեմարանը՝ Արամ Թովմաղյանը /1921թ.փաստաթղթերը սխալմամբ լրացվում է Թովմասյան/ վերադառնում է իր ծննդավայրը և աշխատում որպես ուսուցիչ՝ նշանավոր Երեմյան դպրոցում: Գրել սկսել է 1910 թվականից:

Դեռ մանկուց սիրելով Կամսար անունը՝ Արամ Թովմասյանը հրատարակում է իր առաջին շրջանի ֆելիետոնները՝ այդ անվան ներքո: Մեկ անգամ  Վան  քաղաքի երևելիներից մեկը, տեսնելով Կամսարին փողոցում, շնորհավորում է նրան հերթական երգիծական պատմվածքի համար և գովեստի խոսքը ուժգնացնելու համար, տմբտմբացնելով նրա կռնակին՝ ասում է. «Կամսար չէ, մե՛ծ Կամսար, լեռ Կամսար»: Այդ օրվանից էլ մկրտվում է նրա գրական անունը՝ Լեռ Կամսար:

Հետագայում հեղինակը գրում է.

«Ես, որ գրական ասպարեզ մտնելիս «Լեռ Կամսար»  անունն առի վրաս, երբեք մտքովս չանցավ, որ այդ անունն այսօր սաստիկ պետք պիտի գար ինձ, որ այսօրվա իմ կյանքը ես պարտական պիտի լինեմ այդ անվանը:

Որովհետև եթե այն ժամանակ ինձ  «Լեռ» չանվանեի ու ասենք  «հաստաբուն կաղնի» անվանեի անգամ, սա  40 տարվա իմ վրա փչող քամին արմատահան պիտի աներ ինձ և հողմավար տաներ, ինչքան էլ «հաստ»  բուն ունենայի:

Ես անպայման  «Լեռ» պիտի լինեի՝ դիմանալու համար այս ամեն տեսակ գլխիս ոռնացող քամիներին ու փոթորիկներին:

Եթե «Լեռ»  չլինեի՝ հիմա չկայի:

Փա՜ռք քեզ անուն, որ փրկեցիր ինձ կորստից…»:

Վրա է հասնում առաջին համաշխարհային պատերազմը:

1915 թվական…

Աշխարհի լուռ համաձայնությամբ մորթվում էր մի ողջ ժողովուրդ:

«Գաղթը» անձամբ չճաշակողի համար հասարակ անուն է և գրվում է փոքրատառ, իսկ անձամբ ճաշակողի համար դա հատուկ անուն է և աշխարհում միակը:

Գաղթելով Անդրկովկաս, սկսում է աշխատակցել կովկասահայ պարբերականներին և անմիջապես գրավում է ընթերցողների ուշադրությունը:

Լինելով հայրենասեր և չկարողանալով անտարբեր մնալ երկրի քաղաքական իրադարձություններին՝ Լեռ Կամսարը մարտնչում է և՛ իր սվին-գրիչով, և՛ զենքով՝ 1917 թվականին կամավոր  հավաքագրվելով Վանի 4-րդ գնդում:

1918թվականի Սարիղամիշի ճակատամարտի կամավորների մեջ էր մեծ երգիծաբանը, սակայն Դրոն արգելում է նրան կռվին մասնակցել՝ ասելով. «Քեզ որ մի բան պատահի, բա մեզ ո՞վ  է ծաղրելու, գնա, ա՛յ մարդ, գնա՛, քո գործն ուրիշ է, դու քո գործով զբաղվի»:

Այդ տարիներին Լեռ Կամսարին խմբագիրների կողմից միշտ եղել են աշխատանքի հրավերներ: Այսպես մինչև 1920 թվականը, երբ Հայաստան մտան բոլշևիկ «ազատարարները»՝ մնացած հայությանը «փրկելու» համար:

«Բոլշևիկյան Հայաստանը մի կատարյալ սառցատուն էր, որտեղ հայության ուղեեղը սառեց իր գանգում՝ բնավ չմտածելու համար, արյունը սառեց բազուկներում՝ բնավ չաշխատելու համար»:

«Կարմիր բարերարներից» Լեռ Կամսարը փախչում և հաստատվում է Թավրիզում, որտեղ ներկայացնում է իր պիեսները և մեծ հաջողություններ ունենում, սակայն հայրենիքի կարոտը տանջում է երգիծաբանին:

«Ա՜խ Պարսկաստան…ազատ երկիր, ավանակը բոլ: Ծո՛, հիմար, ասա ինչո՞ւ վերադառնամ զնդան, վերցրու մի երկու ավանակ, դարձիր էշակչի, բեռներ մի տեղից մյուսը փոխադրիր ու որպես հասարակական գործիչ փառք վաստակիր, ի՞նչ գործ ունես սովետական երկրի հետ, ուր քեզ պիտի հեծնեն ու ընկնես անհաս կոմունիզմի ետևը»:

Այս եզրահանգմանը երգիծաբանը կգա դեռ հետո, մի քանի տարի անց: Իսկ հիմա նա աշխատանքի կանցնի «Խորհրդային Հայաստան» թերթում, կդառնա երգիծական բաժնի գլխավոր աշխատակիցը: Գրքեր կհրատարակի. 1924թ. լույս կտեսնի «Անվավեր մեռելները», 1926թ. «Ազգային այբբենարանը», 1934թ. «Վրիպած արցունքները»:

Մոտենում է անհատի պաշտամունքի տարիները: Գոյատևելու համար պետք էր հարմարվել, ստել, կեղծել, քծնել: 1931թ. խորհրդահայ գրողների համերաշխ նախաձեռնությամբ սկսվում է  Լեռ Կամսարի «զտումը»:

«Զտումը, սակայն նմանեցավ Հիսուսի դատավարությանը: Մեկը պոռաց՝ պետք է ոչնչացնել նրան, այսինքն ինձ, և գրավել նրա ունեցվածքը՝«Ի  վերա պատմուճանաս վիճակաս արկանեին»: Դեռ բերանս չբացած իմ «դաստիարակի» կոպիտ վերաբերմունքից ես հասկացա, որ դատավճիռս արդեն նախապես արված է, և ինձ կանչել են, որ համապատասխան «հանցանքները» գործեմ միայն: Այդ տմարդի, միջնադարին միայն հատուկ տեսարանի հանդեպ կծկվեցի, տնկեցի փշերս ցասումով, այնպես, ինչպես ոզնին է դիրքավորվում իժի հանդիման»:

Չնայած գրողը մեղադրվում էր ֆաշիզմի, հակահեղափոխական գործունեության և Ստալինի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ, դատավորը կարողանում է 3 տարով ազատազրկել: Սկզբում երգիծաբանը Երևանի բանտում էր, ապա տեղափոխվում է Վորկուտա հեռավոր աքսորավայր: Երեք տարի անց վերադառնում է, բայց կառավարությունը կարծում է, որ նա բավականաչափ չի պատժվել, հիմա էլ աքսորում է Բասարգեչար, այս անգամ արդեն 17 տարով: «20 տարի քայլել եմ՝ երկու կողմս ունենալով երկու սվինավոր պահակներ: Սպեց-կոլեգիան առանց իմ համաձայնության վերցրեց ինձ ու դաշնակցության կուսակցության մեջ մուտք արավ  այն պատճառաբանությամբ, որ ես տասը տարի գրել եմ նրանց մամուլում և տեսակցել դաշնակցականների: Եթե ես 10 տարի դաշնակցության մամուլում գրելով և 3 դաշնակցականի տեսնելով դաշնակցական եմ, ապա որքան ավելի կոմունիստ եմ՝ 15 տարի բոլշևիկյան մամուլում գրելուց և 300-ից ավելի կոմունիստներին տեսակցելուս համար: Ինչևէ, ես անտրտունջ նվիրվեցի 20 ամյա տանջանքիս: Բանտապահս զվարճալի մարդ էր, ձանձրույթս փարատելու համար ուղարկեց ֆիզկուլտուրայի: Գետային նավեր էի բեռնաթափում և շատ գոհ էի վիճակիցս: Միայն մի անգամ «նարյադչիկս» ծանր բեռ դրեց կռնակիս և, ես ճոճուն սանդուղքից գետը գլորվեցի: Բայց ոչինչ, նա չէր մեղավոր, այլ ես, որ մի փոքր թուլակազմ էի…»:

«Իմ սենյակը այնտեղ այնքան փոքր էր, որ պառկելու ժամանակ պետք էր շորերը դուրս հանել և լողվորի նման ինքզինքը անկողին ձգել: Ձմռանը վիճակս սոսկալի էր: Քարացած հացս, որպեսզի կրծվեր՝ պառկում,  դնում էի ծոցս, որ մարմնիս տաքությամբ մի փոքր կակղացնեի: Ծանր արճիճի վերմակիս տակ տափակում  էի, բայց չէի տաքանում: Իմ ուտելիքն էր մի կիլո հաց, մի լիտր կաթ: Գրում էի միայն արևոտ օրերին, խոտի դեզերի տակ: Երևակայեցեք, այս բոլորից հետո չէի թքում սովետական կառավարության երեսին, որովհետև, ինչպես մի անգամ ասել եմ, տեղվանքը ցուրտ էր, և թուքս կարող էր սառած մնալ նրա երեսին…20 տարի հետո Սովետական կառավարությունը վերանայելով իր վճիռը, գտավ, որ արդար եմ և իզուր տեղը 20 տարի տառապել եմ: Մի փոքրիկ վրիպակ: Հետաքրքիրն այն է, որ սխալի համար կիսաբերան ներողություն անգամ չի խնդրում ինձանից, ինչը պահանջում է տարրական քաղաքավարությունը…»:

 

Նյութը` Անի Կարապետյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее