Ուզենք, թե՝ ոչ, Հայաստանի ներքաղաքական խճանկարում մեծ դերակատարություն ունի Ռուսաստանի գործոնը: Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը հենց ներքաղաքական իրավիճակի վերադասավորումների, քաղաքական ուժերի ու լիդերների դիրքավորման նոր հուն է բացում: Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, և, ինչպես երևում է, արտաքուստ տեղի են ունենում քաղաքական լիդերների կարգավիճակային խմորումներ, ինչը ներհատուկ է կոնկրետ իրավիճակին, երբ արտաքին կողմնորոշումն այնքան էլ չի արտացոլում ներքին մղումները, և պետք է այդ հնարավորն օգտագործլ: Դիցուք, Հովիկ Աբրահամյանի շուրջ ինչ-որ կրքեր են եռում, որոնք ուղղված են նրա դիրքերի թուլացմանը: ՀՀԿ ու ԲՀԿ համար քաղաքական փորձնաքար հիշեցնող Արարատի հայտնի ընտրությունների՝ ոչ քաղաքական տերմինաբանությամբ ասած հարցի լուծումը դրվել էր Հովիկ Աբրահամյանի վրա, ով պետք է համոզեր Գագիկ Ծառուկյանին հանելու ԲՀԿ թեկնածությունը, սակայն ԲՀԿ-ն մասնակցեց ընտրություններին: հավանաբար, սա ԱԺ նախագահի նկատմամբ վստահության առումով որոշ կասկածներ է սրել, առավելևս, որ նա համարվում է Ռոբերտ Քոչարյանի ու Գագիկ Ծառուկյանի մտերիմը, և նա ՀՀԿ-ի տեսանկյունից օբյեկտիվորեն վստահության դեֆիցիտ ունի: Հաջորդ փաստարկը, որ կարելի է առանձնացնել, վերջերս կուտակային կենսաթոշակների վերաբերյալ ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստն է, երբ Հովիկ Աբրահամյանը վստահեցնում էր, որ այն կկայանա, սակայն նրա խոսքը չկատարվեց. ՀՀԿ-ն պարզապես նիստից փախավ: Եթե այսպիսի խոշոր գործիչը չի կարողանում իրեն վերապահված դերը ստանձնել ու ցույց տալ համակարգի համար ցանկալի արդյունք, ապա նրա անձի նկատմամբ կասկածները կարող են մատուցվել նույնիսկ որպես հիմնավոր: Այստեղ Ռուսաստանի գործոնը հենց այն կարևոր բաղադրիչն է, որը ստիպում է հայաստանյան իշխանությանը ցուցաբերել չափազանց զգայուն վարքաբանություն, որպեսզի թույլ չտրվի սեփական դիրքերի թուլացում: Զգացվում է հենց վերոնշյալ արտաքին գործոնի ազդեցությունը: Հայտնի է Ռոբերտ Քոչարյանի կապերը ՌԴ հետ, ինչպես նաև՝ ԲՀԿ արտաքին քաղաքական կողմնորոշման պրոռուսական վեկտորը (անկախ վերջին շրջանում արևմտյան որոշ «դեգերումների»): Հովիկ Աբրահամյանը, շնորհիվ Քոչարյանի ու Ծառուկյանի հետ իր մտերմության, կարող է դառնալ ներիշխանական այն օղակը, որի վրա հենվելով և ռուսական կապերը օգտագործելով նրանք կարող են մուտք գործել Հայաստանի իշխանական համակարգ, ձևավորել արտաքին բավարար լեգիտիմություն և, հնարավոր է, ներքին կոգնիտիվ, ոչ մոտիվացիոն, կամ փակ կոնֆլիկտների միջոցով հասնել իշխանական ռեսուրսների բաժանմանը, տիրապետմանն ու օգտագործմանը: Ահա, թե ինչու, ԱԺ նախագահի կարևորագույն պաշտոն զբաղեցնող անձը կարող է մտահոգել ՀՀԿ-ին: Ի դեպ, նշենք, որ Հովիկ Աբրահամյանը, ըստ մամուլում պարբերաբար շրջանառվող լուրերի, ձգտում է վարչապետության:
Ուզենք, թե՝ ոչ, Հայաստանի ներքաղաքական խճանկարում մեծ դեր ունի ՌԴ գործոնը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet