«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտոնական Թեհրանը բավական անսպասելիորեն հանդես է եկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդ լինելու պատրաստակամությամբ: Այդ մասին հայտարարությունն արել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուսեին Ջաբեր Անսարին:
Ընդ որում, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ «եթե ուշադրություն դարձնենք անցյալին», ապա Իրանը կրիտիկական ժամանակներում փորձել է կանխել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարաձայնությունները: Թե հատկապես ինչ ժամանակաշրջանի մասին է խոսում Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը՝ այնքան էլ պարզ չէ: Սակայն հստակ է, որ Իրանը հայ-ադրբեջանական հակամարտությունում ունեցել է առանձնահատուկ դեր: Ընդ որում, այդ դերը ըստ էության ավելի շատ եղել է բավական համեստորեն քողարկված, զուսպ, առանց ավելորդ աղմուկի, սակայն Իրանը էական դերակատարում է ունեցել հակամարտության թե պատերազմական շրջանում, թե դրանից հետո կարգավորման գործընթացում:
Ներկայումս, երբ տեղի է ունենում Իրանի տնտեսա-քաղաքական ապաշրջափակման գործընթաց, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Իրանի հայտարարությունը ըստ էության վկայում է Թեհրանի բավական ակտիվ տրամադրվածության մասին: Ընդ որում, ոչ միայն ղարաբաղյան հարցում, այլեւ տարածաշրջանային զարգացումներում ընդհանրապես, քանի որ ղարաբաղյան հարցը, որպես այդպիսին, տարածաշրջանային լայն խնդիր է, ոչ թե լոկալ հակամարտություն:
Մինչ Հայաստանի եւ Ադրբեջանի պատրաստակամությունը, իհարկե՝ հարկավոր է հասկանալ, թե Իրանի այդ հայտին ինչպես կվերաբերեն հակամարտության կարգավորման ներկայիս միջնորդները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը:
Այստեղ միանշանակ է, որ մեկ կարծիք լինել չի կարող, քանի որ բոլոր երկրները ունեն իրենց շահերը, եւ դրանք հակասում են՝ առավելապես ԱՄՆ-Ֆրանսիա եւ Ռուսաստան բաժանումով:
Իրան-Արեւմուտք հարաբերությունների կարգավորման գործընթացով Իրանի համար նվազում է Ռուսաստանի դերը, եւ Թեհրանն ըստ էության դառնում է Մոսկվայի մրցակից: Եվ այս մրցակցության առանցքային հարթություններից մեկն, իհարկե, Կովկասն է:
Բնական է, որ ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ակտիվության հայտ՝ Իրանը ներկայացնում է տարածաշրջանային ակտիվ քաղաքականության հայտ: Սա, բնականաբար, սպասելի էր, եւ այստեղ մրցակցություն է առաջանում եւ Մոսկվայի, եւ նաեւ Անկարայի հետ: Առավել եւս, որ Անկարան տարիներ շարունակ փորձել է ներգրավվել միջնորդական ֆորմատում, սակայն չի հաջողել: Եվ այս առումով, իհարկե, դժվար է պատկերացնել, որ Իրանի միջնորդությունն իրատեսական է, իրատեսական է, որ Թեհրանը դառնա Երեւանի ու Բաքվի միջեւ միջնորդ:
Մյուս կողմից, սակայն, այստեղ, իհարկե, սա խնդրի կամ այսբերգի, այսպես ասած, երեւացող մասն է: Իրականում Թեհրանի այս բաց հայտը ավելի հետաքրքրական է ռազմավարական, հեռանկարային իմաստով, քանի որ ըստ էության Կովկասում աշխարհաքաղաքական նոր վեկտորի ընդգծման մասին է՝ իրանական վեկտորի: Իսկ սա, իհարկե, շատ ավելի լայն սահմաններ եւ հեռանկարներ ունեցող խնդիր է, քան զուտ ղարաբաղյան կարգավորումը:
Մեծ հաշվով՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ միջնորդ դառնալու Իրանի հայտարարությունը հայտարարություն է Կովկասում ակտիվ խաղացող դառնալու մտադրության մասին, որում, իհարկե, Թեհրանը սահմանում է իր առաջնահերթությունը՝ կայունություն եւ անվտանգություն:
Եվ եթե դատելու լինենք այն իրողությունից, որ ներկայումս Կովկասում ակտիվ են այն խաղացողները, որոնց քաղաքականությունը միտված էր ապակայունացման եւ պատերազմի շանտաժներին ու սպառնալիքներին, դրանցով հարցեր լուծելուն՝ խոսքը, մասնավորապես, Մոսկվա-Բաքու-Անկարա եռյակի մասին է, ապա Իրանի ակտիվության հայտը միանշանակ ողջունելի է, եւ այստեղ իհարկե՝ ոչ ընթացիկ քաղաքականության, սակայն հեռանկարների առումով ակնհայտորեն ուրվագծվում է Թեհրան-Թբիլիսի-Երեւան եռյակը, որոնց համար հարցեր լուծելու միջոցը ոչ թե պատերազմն է կամ դրա շանտաժը, այլ խաղաղությունն ու կայունությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում