Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
Այսպես, նախաքննության նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն` Բագրատաշենի մաքսային կետում, Վրաստանի Հանրապետությունից ՀՀ ժամանած Գ. Ա.-ի ավտոմեքենայի մաքսային հսկողության ժամանակ հայտնաբերվել են չհայտարարագրված` 46.085.000 ՀՀ դրամ արժողությամբ 2,7 կգ տարբեր տեսակի ոսկյա զարդեր:
Դեպքի առթիվ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ ոսկյա զարդերը պատկանել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Բ. Ս.-ին, ով նախապես տեղյակ լինելով, որ դրանք ենթակա են հայտարարագրման, ՀՀ քաղաքացի Գ. Ա.-ին խնդրել է զարդերի փաթեթն իր ավտոմեքենայով տեղափոխել ՀՀ: Վերջինս էլ, դրանք մաքսային հսկողությունից թաքցնելով, Բագրատաշենի մաքսակետով տեղափոխել է Հայաստան: Գ. Ա.-ի կողմից հարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 3մլն դրամի գույքային վնաս:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Գ. Ա.-ն ՀՀ ոստիկանության աշխատակից է, ուստի վերը նշված քրեական գործի նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է
անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության
օրենսգրքովսահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: