Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր սկսվեց պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության 2 օպերլիազորի գործով դատաքննությունը: Ամբաստանյալներ, ոստիկանության կենտրոնականի բաժնի օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանը և Արտակ Բարսեղյանը առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չճանաչեցին:
Ըստ դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի, նախ ցուցմունքներ տվեց գործով տուժող, մեկ այլ գործով կալանքի տակ գտնվող Ռոբերտ Հովսեփյանը: Նա հայտնեց, որ 2012թ. հոկտեմբերի 3-ին` ժամը 22. 30-ի սահմաններում իր ընկերների հետ գտնվել է Ռոստոմյան փողոցում, իրենց վրա են հարձակվել մի քանի անձինք և ծեծի ենթարկել իրեն, գցել գետնին, այնուհետև նստեցնելով մեքենա՝ տեղափոխել ոստիկանության Կենտրոնականի բաժանմունք: Այնտեղ օպերլիազոր Խաչիկ Բախբուդարյանը և Արտակ Բարսեղյանը ձեռնաշղթաներ են անցկացրել տուժողի ձեռքերին և ծեծի ենթարկել՝ ոտքերով, ձեռքերով, մահակով` ստիպելով խոստովանել նախկինում չբացահայտված գողությունների մեջ իր մասնակցությունը։
Տուժողը հայտնեց նաև, որ բացի ամբաստանյալներից իրեն այլ մարդիկ էլ են ծեծել, և ի դեպ, դատարանին խնդրեց առերեսում անցկացնել՝ ծեծին մասնակից ևս երկու անձանց բացահայտելու համար: Նա միաժամանակ հայտարարեց, որ իրեն ծեծած այլ մարդկանց միայն ոտքերն է տեսել, քանի որ գետնին ընկած է եղել:
Տուժողը նշեց նաև, որ Խաչիկ Բախբուդարյանը իրեն ծեծելու ընթացքում ձեռքերի ափերով հարվածել է իր ականջներին, ինչի հետևանքով ձախ ականջի թմբկաթաղանթը ծակվել է և սկսել է վատ լսել։
Ռոբերտ Հովսեփյանը պատմեց նաև, որ իր դիմադրությունը կոտրելու համար օպերլիազորները 2 արվամոլ են հրավիրել՝ ասելով՝ «եթե չխոստովանես, ապա նրանք քեզ կփչացնեն, ես էլ ասեցի՝ տվեք ստորագրեմ, մենակ թե ինձ չկպնեն: Իսկ երբ լվացվելուց հետո եկա, օպերլիազոր Խաչիկ Բախբուդարյանը ինչ-որ հաբ տվեց ու ասաց՝ խմի, դե ես էլ խմեցի, բայց հետո հասկացա, որ «Suboteks» էր, քանի որ նախկինում օգտագործել էի, բայց հիմա չեմ օգտագործում»,- ցուցմունքում ընդգծեց տուժողը:
Ի պատասխան ամբաստանյալների պաշտպան Արայիկ Ալվանդյանի հարցի, թե ինչպիսի տեսք են ունեցել օպերլիազորների կողմից հրավիրված արվամոլները և թե ինչպես է տուժողը հասկացել, որ նրանք արվամոլ են, տուժող Ռոբերտ Հովսեփյանը նշեց, որ նրանք 2-ն էլ կիսաշրջազգեստով, զուգագուլպաներով և կեղծամներով տղամարդիկ էին, «իսկ դա պարզից էլ պարզ է»:
Տուժողը հայտնեց նաև, որ ինքը նյարդային խնդիրներ ունեցել է, ինչը չի նշանակում, որ ինքը տառապում է հոգեկան հիվանդությամբ: Տուժողը ընդգծեց, որ եթե դատապարտվելու է, թող դատապարտվի արածի և ոչ թե չարածի համար և որ ամեն բան անելու է, որպեսզի այս գործով մեղավորները պատժվեն:
Ի դեպ նշենք, որ տուժող Ռոբերտ Հովսեփյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելու հաջորդ օրն իսկ ինքն իրեն վնասել է: Նա հայտարարեց, որ իրեն հոգեպես սպանել են, և որ ինքը միայն ֆիզիկապես է ապրում:
Տուժողի մայրը, գործով վկա Նարինե Ասատրյանը իր հերթին հայտնեց, որ դեպքի օրն իր որդին տանից դուրս է եկել և ծնողներին տեղեկացրել, որ քիչ անց կվերադառնա, սակայն այդ օրը այդպես էլ չի վերադարձել: Ըստ վկայի, ոստիկանությունն իրենց չի իրազեկել, որ որդին իրենց մոտ է, իսկ հաջորդ օրը նա որդուն տեսել է խոշտանգված և ամբողջությամբ կապտուկների մեջ: Վկան 3 անգամ ապարդյուն պահանջել է դատաբժշկական փորձաքննություն նշանակել, ապա` դիմում-բողոք է գրել Գլխավոր դատախազին:
Դատական նիստին անընդմեջ խոչընդոտելու համար նախագահող դատավորը ամբաստանյալ Արտակ Բարսեղյանի հոր նկատմամբ կիրառեց դատական սանկցիա՝ նրան դուրս հրավիրեց նիստերի դահլիճից՝ արգելելով նրան ներկա գտնվել հետագա դատական նիստերին:
Ապրիլի 10-ի դատական նիստում դատաքննությունը կշարունակվի:
Նշենք, որ սույն գործով նախաքննությունն իրականացրել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:
Աղբյուրը` Փաստինֆո.am