ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Տաշիր» առևտրի կենտրոնից տղամարդու ոսկյա թևնոց գողանալու դեպքի առթիվ, որի շրջանակներում ձեռնարկվում են միջոցներ՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Քաղաքացի Վարդանյանը 2015թ. մայիսի 01-ին ահազանգել է, որ նույն օրը՝ ժամը 13:40-ի սահմաններում, «Տաշիր» առևտրի կենտրոնում գտնվող առևտրային տաղավարի վրայից 60-65 տարեկան, ալեհեր մազերով մի տղամարդ գաղտնի կերպով հափշտակել է իրեն պատկանող, խոշոր չափերի՝ 1.200.000 ՀՀ դրամ արժողությամբ, տղամարդու ոսկյա թևնոց:
Քրեական գործով նախաքննության ընթացքում տուժողը ներկայացրել է տեսագրություններ՝ կարծիք հայտնելով, որ տեսագրության մեջ պատկերված սև պիջակով և տաբատով, սպիտակ վերնաշապկով, ալեհեր տղամարդն է վերցրել իրեն պատկանող ոսկյա թևնոցը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ օբյեկտիվ իրականությունը բացահայտելու համար։
Ովքեր ճանաչում են տեսագրությունում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին