▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օգնեք ազատվելու «Գազպրոմ»-ի «փայտփորիկներից» և պատժելու թալանչիներին. Բնակչի բողոք

Asekose.am-ը նամակ է ստացել քաղաքցուց, ով բողոքում է բնակիչների հանդեպ գազի տեսուչների գործողություններից: Նամակը ներկայացնում ենք առանց մեկնաբանության՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով ներկայացնել նաև հակառակ կողմի տեսակետը: 

«Դիմում եմ ձեզ՝ հույսով, որ կկանխեք մի անօրինականություն, ինչը մասսայական բնույթ է կրում: Բանն այն է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն քաղաքացիներին թալանելու նոր եղանակ է մտածել: Այս օրերին բնակիչներին են այցելում գազի տեսուչները փականագործների հետ և պահանջում են տան դների վրա անցքեր բացել՝ իբրև թե օդափոխանակություն ապահովելու համար: Այդ գործողության դիմաց նրանք մարդկանցից գումար են գանձում: Եթե քաղաքացին բողոքում է, որ թույլ չի տա իր տան գույքն առանց պատճառի փչացնել, տեսուչները սպառնում են, թե կանջատեն գազամատակարարումը: Ձմռան կեսին ջեռուցումից զրկվելու վտանգի առաջ ոմանց այլ բան չի մնում, քան տեղի տալ:

Մասնավորապես Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասում «Գազպրոմի» տեղի ծառայությունը ծառայության պետ Գ. Սարգսյանի ստորագրությամբ ծանուցագրեր է տարածում, որտեղ ասվում է, թե իբր բնակարաններում չեն պահպանվում անվտանգության կանոնները և դռները ծակելն ու գումար գանձելը արվում է այդ նպատակով:

Նախ նկատեք, որ անվտանգության խնդիրներով պիտի զբաղվի ոչ թե «Գազպրոմ»-ը, այլ «ԷՅ-Ի-ՋԻ Սերվիս» ՍՊԸ-ն, ով տարվա ընթացքում կլորիկ գումարներ է գանձում այդնպատակով՝ ոչինչ չանելու դիմաց: Գազի տեսուչները չունեն մարդկանց տները մտնելու, գույք փչացնելու և փող հավաքելու լիազորություն: Իսկ ինչ վերաբերում է ենթադրյալ խախտումներին, ապա դրա համար մեծ ջանքեր գործադրել պետք չէ: Այս մարդիկ պնդում են, թե բնակարանի դռները մի քանի սանտիմետր բարձր պիտի լինեն հատակից: Եվ քանի որ ոչ մի նորմալ դուռը հատակից սանտիմետրերով բարձր լինել չի կարող, այլապես կդադարի դուռ կոչվել, ապա տուգանվելու վտանգը սպառնում է մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի գրեթե բոլոր բնակիչներին:

Հարգելի խմբագրություն, օգնեք ազատվելու «Գազպրոմ»-ի «փայտփորիկներից» և պատժելու թալանչիներին:

 

Հարգանքներով՝ Գարեգին  Գաբրիելյան

Քաղաք Երևան»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее