ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ չարաշահումների մի շարք դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի մասնագետ Մելիք Ասրյանը դատապարտյալից շորթման եղանակով ստացել է ապօրինի վարձատրություն` վերջինիս հասանելիք հոգեմետ դեղորայքը ժամանակին տրամադրելու համար:
Այսպես, Մելիք Ասրյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ծառայություն իրականացնելու ընթացքում, պարտավոր լինելով կալանավորներին և դատապարտյալներին ցուցաբերել անհրաժեշտ բժշկական օգնություն, նշված հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Էդգար Տոնոյանին հարկադրել է բժշկի կողմից նշանակված հոգեմետ դեղորայքը ստանալ միայն ապօրինի վարձատրություն տալուց հետո: Մասնավորապես, օգտվելով իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող Է. Տոնոյանի վիճակից` վերջինիս հասանելիք դեղորայքը ժամանակին չտրամադրելու սպառնալիքով, Մ. Ասրյանը դատապարտյալի խցում նրանից պահանջել և ստացել է 120.000 ՀՀ դրամ և օծանելիք:
Ապօրինի վարձատրությունը ստանալուց հետո միայն Մ. Ասրյանը դատապարտյալին տրամադրել է անհրաժեշտ դեղորայքն ու խոստացել հետագայում իր ծառայողական դիրքն օգտագործել Է. Տոնոյանի օգտին հովանավորչություն դրսևորելու համար:
Դատապարտյալից շորթմամբ ապօրինի վարձատրություն ստանալու համար «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի մասնագետ Մելիք Ասրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Մ. Ասրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործից նրա վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությունն ուղարկվելու է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: