1in.am-ը հարցազրույց ունի 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ: Մեկ հատված այդ զրույցից ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:
- Պարոն Տեր-Գրիգորյանց, կա տեսակետ, որ այս տեղեկատվական ալիքը, որում շահարկվում է սպարապետ Վազգեն Սարգսյանի անունը, պատահական չէ, և այն ուղղորդվում է: Համաձա՞յն եք արդյոք։ Եթե այո, ապա ըստ Ձեզ, ո՞ւմ է ձեռնտու սա:
- Ես, անկեղծ ասած, գեներալ Տեր-Թադևոսյանի հարցազրույցը չեմ կարդացել։ Եթե այն ուղղված է հատուկ նրան, որ վարկաբեկի Վազգեն Սարգսյանի անունը, ապա նա մեծագույն սխալ է թույլ տալիս, մեծագույն սխալ: Վազգեն Սարգսյանին վարկաբեկելու իրավունք որևէ մեկը չունի: Հենց Վազգեն Սարգսյանի և Տեր-Պետրոսյանի շնորհիվ մենք ունեցանք բանակ, որը կյանքում առաջին անգամ ազատագրեց մեր հողերը և պաշտպանեց հայ ժողովրդի արժանապատվությունը: Ես ճակատագրին շնորհակալ եմ, որ Վազգեն Սարգսյանին ծանոթ եմ եղել, և որ նա ղեկին էր, և մենք միասին բանակ էինք ստեղծում: Ամեն ինչ եղել է այնպես, ինչպես որ պետք է: Վազգեն Մանուկյանը, երբ ստանձնել էր ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը, երբ ես հրաժարվել էի, ոչ մի անգամ դեմ ոչինչ չի ասվել, մենք շատ լավ հարաբերություններ ունեինք: Իսկ քաղաքական՝ ով ում հետ, ես չեմ զբաղվել, ես քաղաքական մարմնավաճառությամբ չեմ զբաղվել, ինձ հարկավոր էր փրկել հայրենիքը, հայ ժողովրդին, ես դա արեցի իմ հնարավորությունների շրջանակում, և դա ստացվեց իմ ընկերների հետ միասին: Քաղաքական նման բանսարկությունների ժամանակը չէ, պետք է միավորել գիտելիքները, ունակությունները, հնարավորությունները և ազատագրել Հայաստանը տնտեսական ճգնաժամից, հնարավորություն տալ մարդկանց աշխատելու, այնպես անել, որ Հայաստանը չլքեն մարդիկ։ Ահա, թե ինչ է պետք անել և չզբաղվել քաղաքական մարմնավաճառությամբ:
- Պարոն Տեր-Գրիգորյանց, Դուք հարուստ զինվորական ու կազմակերպչական փորձ ունեցող գեներալ եք և ճիշտ կգնահատեք, թե արդյոք տեղի՞ն են խոսակցություններն այն մասին, թե Վազգեն Սարգսյանը զենք չի վերցրել իր ձեռքը և այլն, և այլն, քանի որ նման խոսակցություններ ևս եղել են: Նման հարց արժե՞ արդյոք այսօր բարձրացնել և անգամ խոսել այդ մասին:
- Հիմարություն է, երբ նման մեծության ղեկավարը ավտոմատ է վերցնում և գնում է կռվի: Այդպիսի հիմարություններ չպետք է խոսել: Ղեկավարը պետք է ղեկավարի, առաջնորդի՝ հակազդել թշնամուն, հակահարձակողական դուխ հաղորդել, շրջանցման, գրավման, մեծացնել ճնշումները, հետ մղվել, պաշտպանության անցնել, խոցել հակառակորդին, հարձակման անցնել, այսինքն ղեկավարել, իսկ ավտոմատ վերցնելն ամենահեշտ բանն է, իսկ մոբիլիզացնել հարյուր հազարավոր մարդկանց՝ ավելի ծանր է, քան կռվելը: Ուստի նա չէր մասնակցում ավտոմատով, բայց նա չպետք է մասնակցեր, ես ևս ավտոմատ չէի վերցնում իմ ձեռքը: Ես ունեի զենք, բայց կռվի բովում չեմ եղել, նույնիսկ Աֆղանստանում, բայց ես այնպիսի հակահարձակողական գործողություններ էի իրականացնում, որ այսօր ԱՊՀ երկրների հրամանատարներն ուսումնասիրում են ռազմական ակադեմիաներում: Եթե այդ մասին խոսել է Արկադի Տեր-Թադևոսյանը, ապա նա չգիտի՝ ինչ ասել է պատերազմ: Վազգեն Սարգսյանին վարկաբեկողը դավաճան է:
Առավել մանրամասն` այստեղ