«Նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունը դադարել է գործել ճիշտ այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանի լուռ համաձայնությամբ Ադրբեջանը վերսկսել է ռազմական գործողությունները «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում» 2023-ի սեպտեմբերին՝ խախտելով փաստաթղթի հենց 1-ին հոդվածը՝ ըստ որի, կողմերը դադարեցնում են «բոլոր ռազմական գործողությունները» և «կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»։ Ըստ Վիեննայի կոնվենցիայի 60-62 հոդվածների՝ սա բավարար հիմք է, որպեսզի որևէ միջազգային փաստաթղթի գործողությունն ամբողջությամբ կասեցվի»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Սևան Ղազարյանը։
«Ամեն ինչ շատ պարզ է՝ որևէ հրադադարի հայտարարություն այլևս չի գործում, երբ ռազմական գործողությունները վերսկսվում են։ Մինչդեռ Նիկոլը Փաշինյանը ոչ միայն փաստաթղթի գործողությունը չի համարում դադարեցված, այլ նաև մինչ օրս քննարկում է, թե ինչ ձևով պետք է իրականացվի այդ անվավեր թղթի կտորի 9-րդ հոդվածը, որն աշխարհին առավել հայտնի է որպես «զանգեզուրի միջանցք»։ Ավելին, այդ ժամկետանց թղթի կտորը համարելով գործող փաստաթուղթ և միևնույն ժամանակ ձգձգելով դրա կատարումը՝ Նիկոլը Փաշինյանը Ադրբեջանին հրավիրում է (casus belli) ռազմական ճանապարհով իրականություն դարձնել, այսպես կոչված, «զանգեզուրի միջանցքը»։
Ակնհայտ է, որ ոչ թե Նոյեմբերի 9-ի հայտարությունից հրաժարվելն է պատերազմ սկսելու հարմար առիթ տալիս Ադրբեջանին, այլ Նիկոլ Փաշինյանի կողմից այդ փաստաթուղթը օրինական ճանաչելն ու միաժամանակ չկատարելը։ Ավելին, Նիկոլ Փաշինյանը սառեցրել է ՀՀ մասնակցությունը ՀԱՊԿ-ին, որպեսզի միջանցք բացելու նպատակով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հավանական ագրեսիայի ժամանակ Ռուսաստանը հօգուտ Հայաստանի չմիջամտելու պատրվակ ունենա։ Ռուսաստանն այսօր բոլորովին էլ դեմ չէ, որ Հայաստանը «սառեցնի» մասնակցությունը ՀԱՊԿ-ին, որովհետև Հայաստանի մասնակցությունը հավելյալ գլխացավանք է։ Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ Ադրբեջանին պատերազմ սկսելու հարմար առիթ է տալիս՝ ֆորմալ դաշնակիցների միջամտելու պարտականությունը նախապես «սառեցնելով», որպեսզի Սյունիքը դարձնի «Զանգեզուր» ու հայ ժողովրդի շահերի հաշվին սեփական թշվառ քաղաքական գոյությունը ևս մի քանի տարի քարշ տա»,- հավելել է նա:
|