Ներիր ինձ, երկիր, ներիր, Հայաստան, որ ամեն մի բացվող օրվա հետ մեծանում է հիասթափությունս, որ քո մասին զրնգուն բառեր հնչեցնելու փոխարեն, քո հանդեպ սերս տանում եմ փորձության, զրնգուն բառերն անկյուն եմ նետում... Ամեն բացվող օրվա հետ՝ անօրինականության մի նոր դրսևորում, իշխանական «կոհորտայի» մի նոր վայրի խրախճանք, ամեն բացվող օրվա հետ՝ ցինիզմի մի նոր ժայթքում... Ու ես սկսում եմ քեզ չսիրել, երկիր... Հայաստան... Դու, որ միշտ հենվել ես քո փառքերի, քո մեծանուն զավակների վրա, դու, որ քո պատմությունը կերտել ես մտքի ու բազկի քո հզորներով, այսօր կքվել ես լկտիացած ու աշխարհագրական այս սրբազան տարածքը իրենց բանջարանոցի նման ,,մշակող,, մի խումբ բաշիբոզուկների արշավանքների տակ, նրանց ձևավորած անբարո խաղերի տակ... Քո զավակները հեռանում եմ քեզնից, որովհետև արևն այստեղ բոլորինը չէ, որովհետև իշխանական աթոռներ զբաղեցնողներից շատերը քեզ դարձրեցին թույլ, անպաշտպան, քեզ դարձրեցին անբարո խաղերի հանգրվան...
Ներիր, երկիր, դու այլևս Տիգրան Մանսուրյանի ու Հովհաննես Չեքիջյանի, Պերճ Զեյթունցյանի ու Ռազմիկ Դավոյանի, Գրիգոր Գուրզադյանի ու Սերգեյ Համբարձումյանի, Վարդուհի Վարդերեսյանի ու մեր Ոգու իրականության մյուս զինվորների երկիրը չես, դու չես վիպապաշտ մեր նվիրումների ու պոռթկումների հայրենիքը... Դու փողի ու բռնության, ավատականության հայրենիքն ես, օրավուր այլանդակվող ու դիմազուրկ դարձող... Դու Նժդեհի բառերն ես կախում ամենուր՝ հենց նույն պահին դավաճանելով նրան, հենց նույն պահին հեռանալով նրանից: Դու նմանվում ես վաչկատունների հայրենիքի, որովհետև քո զավակն այլևս արժեք չէ քեզ համար, որովհետև դու քո տաքուկ ծոցն ես առել քեզ հարստահարողներին, քեզ թալանողներին, քո մարդկանց հավատի անբարո փորձության տանողներին՝ հենց նույն պահին քեզ իրենց սրտում պահողներին դարձնելով նկուն, աղքատ, հարստահարված, հոգելլկված...
Ես չեմ փակում դռներն ու չեմ հեռանում քեզանից, որովհետև դու իմը պիտի լինեիր, որովհետև դու իմ արյան մեջ, իսկ քո արյունն այսօր ջուր է դառնում քեզ սիրողների համար... Ես չեմ հեռանում քեզանից, որովհետև դեռ նշույլ հույս ունեմ, որ ի վերջո ուշքի կգաս, որ ինքդ քեզ համար խղճի դատաստան կսարքես ու կհասկանաս, որ Անին ծախողների վերադարձն այլևս քեզ ու մեզ պետք չէ...
Ներիր ինձ, երկիր...
Թատերագետ Լևոն Մութաֆյան
Ֆեյսբուք