Նախօրեին մի քանի ժամ շարունակ՝ ժամը 19:00-ից 23:00-ն, ադրբեջանական կողմը, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, կրակահերթի տակ է պահել ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Եվ միայն հայկական կողմի պատասխան կրակի արդյունքում՝ թշնամին լռել է:
Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն կան բազմաթիվ նյութական վնասներ: Մասնավորապես գազի խողովակներ են վնասվել, տների տանիքներ, լուսամուտներ:
«Շուրջ երեք ժամ կրակել են: Մովսեսում գազատարը չի վնասվել, սակայն տների տանիքներ ու լուսամուտներ են վնասվել: Տներից մեկի լուսամուտը ջարդվել է և ДШК-ի գնդակը հայտնվել է այնտեղ»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ գնում է Այգեպար՝ մասնակցելու ԵԱՀԿ դիտարկմանը:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Չինարի գյուղում ևս գնդակը հայտնվել էր տներից մեկում, որտեղ հղի կին էր եղել՝ երեխաների հետ:
Մեր տեղեկություններով՝ Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը ևս բազմաթիվ նյութական վնասներ են կրել:
Գիշերը խաղաղ է անցել, այս պահին ևս խաղաղ է:
Հավելենք, որ այսօր նախատեսվում է ԵԱՀԿ հերթական դիտարկումը, որը կանցկացվի Այգեպար (Հայաստանի Տավուշի մարզ) ու Ալիբեյլի (Ադրբեջանի Թովուզի շրջան) գյուղերի ուղղությամբ: