ԿԳՍՄ նախարարը թերևս մոռացել է, որ Հատիս լեռը, ՀՀ կառավարության որոշմամբ, հանդիսանում է բնության հատուկ պահպանվող տարածք։ Հակառակ դեպքում, գուցե, այլ կերպ պատասխաներ հարցին, որ ասուլիսի ժամանակ տվել են իրեն՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ՝ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքների ընթացքի և դրա շրջանակում իրականացված պեղումների մասին։
Հիշեցնենք, որ այս մասին ահազանգեր հնչեցրել էին քաղաքացիները․ Նարեկ Այվազյանն, օրինակ, գրել էր․ «Հիսուսի անունը բիզնես նպատակով կրող արձանը դրվելու՞ է ՀՀ պետական պահպանության օբյեկտ համարվող բնության հուշարձան Հատիսի լեռան վրա»:
Դավիթ Մաթևոսյանն, նշելով, որ Հատիս լեռան վրա կառուցվող արձանը նաև ենթակառուցվածքներ է ուզում, ահազանգել էր․ «Հատիսի գագաթը հարթեցրել է․․․Պետք եղավ` «դալշե» կհարթեցնի․․․»։
Հայկ Բարսեղյանն էլ տեսանյութ էր ներկայացրել ու նշել՝ Հատիսի գլխին եմ, ամեն ինչ ավիրած, քանդած, տաշած է․․․
««Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին անդամ Գարեգին Միսկարյանն էլ , իր տեսանյութով պատմել էր, որ Հատիսի գագաթին չորս հատ 10-15 մետր խորությամբ փոսեր են հայտնվել։
Ամեն դեպքում՝ 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով թեմային, ասել է, որ հուշագրի շրջանակում պեղումներ են իրականացվել Հատիս լեռան գագաթին, ամբողջությամբ առանձնացվել է հուշարձանի հատվածը և ճանաչվել որպես նորահայտ հուշարձան:
«Չգիտեմ՝ որտեղ է տեղադրվելու [արձանը], բայց վստահ եմ, որ հուշարձանի տարածքում չի տեղադրվելու, դրանում կարող եմ վստահեցնել, որովհետև պեղումներն արվել էին նաև այն պատճառով, որպեսզի կարողանանք այդ իմաստով նաև հուշարձանի ամբողջ տարածքը պատկերացնել»,- ասել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով պեղումների արդյունքներին, միաժամանակ հույս է հայտնել, որ տարածքը կարող է դառնալ հետաքրքիր զբոսաշրջային վայր:
«Պետք է ասեմ նաև, որ հետաքրքիր գտածոներ ունենք, հին մետաղադրամներ. կիկլոպյան ամրոցի մասին է խոսքը: Ես ինքս եղել եմ պեղումների տարածքում, և կարծում եմ, որ դա կարող է դառնալ հետաքրքիր զբոսաշրջային վայր»,- ասել է նա:
Հայ առաքելական եկեղեցին Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելու դեմ էր արտահայտվել, կողմ էին ՀՀ կառավարությունն ու գաղափարի հեղինակը՝ Գագիկ Ծառուկյանը։
Ծառուկյանը նաև պնդում է, թե Հիսուսի արձանը կակտիվացնի Հայաստանի զբոսաշրջությունը։ Ըստ նրա՝ մեր երկիրը չունի գազ, նավթ, ոսկի ու ադամանդ, բայց ունի տուրիզմը զարգացնելու հիանալի հնարավորություն։
Հավելենք նաև, որ նախարարությունը թեև ընդունելի էր համարել Քրիստոսի մոնումենտալ արձանի գաղափարը, միևնույն ժամանակ պահանջել էր հնավայր-ամրոցի տարածքում դադարեցնել ցանկացած գործունեություն՝ մինչև սահմանված կարգով նախագծի ներկայացումն ու մասնագիտական ուսումնասիրությունը։