Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փետրվարի 23-24-ին Հայաստանում էին ռուսաստանցի հայտնի և ամենապատրաստված վերլուծաբաններից երկուսը՝ Դմիտրի Սուսլովը և Ռուսլան Պուխովը, ովքեր սերտորեն կապված են ՌԴ պետական կառույցների հետ։ Նրանք մասնակցեցին մի կլոր սեղանի։ Դմիտրի Սուսլովը նաև հյուրընկալվեց Հ1-ում և պատասխանեց Պետրոս Ղազարյանի հարցերին։
Համառոտագրեմ նրանց գլխավոր թեզերը։
Երկուսի ասելիքն էլ մեկն էր՝ եթե չանեք այն, ինչ թելադրում են Ռուսաստանն ու Ադրբեջանը, ապա կոչնչացվեք ու կդառնաք Արևմտյան Ադրբեջան։ Այսինքն՝ մեզ սպառնում էին Հայոց ցեղասպանությամբ։ Եվ այս սպառնալիքը հնչեցվում էր բաց տեքստով ու կարմիր թելի պես անցնում նրանց բոլոր ելույթներում։ Մասնավորապես՝ Դ. Սուսլովը Պետրոսի սրահում մի քանի անգամ ընդգծեց, թե «Ադրբեջանը հաղթել է»՝ հասկացնելով, թե Հայաստանը պետք է համաձայնվի ստորագրել «Խաղաղության պայմանագիրն» Ադրբեջանի պայմաններով ու, Ալիևի ցանկությամբ և փակի «այդ հարցը»։ Բնականաբար, ՀՀ տարածքի մի մասը («Զանգեզուրի միջանցքը») պետք է հանձնվի ՌԴ սահմանապահ զորքերին։
Ահա Դ. Սուսլովի հնչեցրած գլխավոր ուղերձը.
«Հայաստանի դեպի Արևմուտք վերակողմնորոշվելու և թշնամու կողմն անցնելու գինը բարձր է լինելու։ Մասամբ (նույնիսկ շատ առումներով) Հայաստանն արդեն վճարում է դրա համար։ Նախ՝ վճարել է Ղարաբաղով։ Ռուսաստանյան տեսանկյունից Ղարաբաղն այն գնի մի մասն է, որն արդեն վճարել է Հայաստանը։ Եվ 2023 թվականի սեպտեմբերին Ղարաբաղի ամբողջական կորուստը Հայաստանի դեպի Արևմուտք վերակողմնորոշվելու կողմնակի վնասն է»։
[«Цена за переорентацию на Запад и переход на сторону противника будет высока. И отчасти, даже во многом, Армения уже ее платит. Во-первых, это Карабах. Карабах – это с российской точки зрения часть той цены, которую Армения уже заплатила. И полная потеря Арменией Карабаха в сентябре 2023 года – это сопутствующий ущерб от переориентации Армении на Запад».]
Սուսլովը հպարտորեն ընդգծեց նաև, որ ՌԴ-ն «ԵՐԲԵՔ Հայաստանի համար չի լինի այնպիսի դաշնակից, ինչպիսին Թուրքիան է Ադրբեջանի համար»։
Այս կապակցությամբ կանեմ ընդամենը մի քանի դիտողություն։ Այո, Արևմուտքը հազիվ թե պաշտպանի Հայաստանին ընդդեմ թուրք-ադրբեջանական դաշինքի։ Բայց նույնն էլ ՌԴ-ին է վերաբերում։ Եվ դրա լավագույն ապացույցն այն էր, ինչ այստեղ հայտարարում էին Սուսլովն ու Պուխովը՝ Արցախում կատարված էթնիկ զտումն ու ցեղասպանությունը որակելով որպես «Ադրբեջանի հաղթանակ»։ Ոչ, պարոն Սուսլով, դա «Ադրբեջանի հաղթանակը» չէր, այլ՝ հայոց ցեղասպանության հերթական փուլը, որը դուք որակում եք որպես «դեպի Արևմուտք Հայաստանի վերակողմնորոշվելու կողմնակի վնաս»։ Բայց չէ՞ որ ձեր այս ձևակերպումներով դուք պնդում եք, որ ՌԴ-ն պատժել է Հայաստանին, այսինքն՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ համատեղ իրականացրել է Արցախի հայաթափումը։ Ուշադրությու՛ն. ԴԱ ԵՍ ՉԵՄ ԱՍՈՒՄ, ԱՅԼ ԴՈՒ՛Ք։
Այսքանից հետո ինչու պետք է Հայաստանում մարդիկ վստահություն տածեն ՌԴ չեղած անվտանգության երաշխիքների նկատմամբ։ Չե՛ն վստահելու, ու սա միանգամայն բնական է և օբյեկտիվ։
Դ. Սուսլովն ու Ռ. Պուխովն անկեղծորեն զարմացած էին, որ իրենց սպառնալիքները, կարծես, տեղ չեն հասնում։ Մեկը պետք է նրանց բացատրի, որ այս ազգն իր մահը 1000 անգամ է տեսել։ Խոշոր հաշվով, հայ ազգը՝ առնվազն Հայաստանում ապրողները, մահապարտների ազգ է, որքան էլ դրսի ու ներսի թշնամիներն ու նրանց մանկլավիկները զօրուգիշեր փորձում են մեզ նսեմացնել, կոտրել մեր կամքն ու ոգին։
Եվ եթե անգամ Հայաստանը ոչնչացվի, ինչպես անընդհատ սպառնում էին Սուսլովն ու Պուխովը, նրանք պետք է լավ իմանան, որ հայերին մահ չկա՛։ Մենք մերն ապրել ենք, մենք մերն է՛լի կապրենք։ Բայց մեծ հարց է, թե որքան կապրեն հայաստանասպան պետությունները։ Դա մենք՝ հայերս, այսպես թե այնպես կհասցնենք տեսնել ու վայելել։
P.S. Իհարկե, այս ամենը չի նշանակում, որ Փաշինյանը ճիշտ ներքին և արտաքին քաղաքականություն է վարում։ Ոչ, Փաշինյանը վարում է հակահայկական քաղաքականություն։ Բայց ՌԴ ղեկավարությունն էլ իր հերթին է քանդում ու ոչնչացնում հայ-ռուսական հարաբերությունները և ամեն կերպ աջակցում Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը։ Ինչպես բազմիցս եմ մանրամասն հիմնավորել, այս փուլում մենք չունենք անվտանգության երաշխիքներ ո՛չ ՌԴ-ից, ո՛չ էլ Արևմուտքից։
Մեր գլխավոր դաշնակիցը կարող ենք լինել միայն մենք՝ մեր բանակը, պահեստազորը և աշխարհազորը, այսինքն՝ գլխովին զինված հայաստանբնակ ժողովուրդը։
Իսկ մեծ տերություններից միայն Իրանն է, որ այսօր ցանկություն և իրական հնարավորություն ունի աջակցելու Հայաստանի գոյության պահպանմանը։ Հետևություններ պետք է անել արագ։ Շատ արագ»։
|