ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրեց, որ նա խեղաթյուրում է Արցախի բանակցային գործընթացը։
«Լավ է, որ այսքան տարի հետո եկել եք այն եզրակացության, որ մեր խնդիրները մենք պետք է լուծենք, ինչը միշտ եղել է։ Սակայն Արցախի թեման դուք մեկընդմիշտ փակում եք։ Ո՞րն է Արցախի մասով ձեր ռազմավարությունը և ինչո՞ւ է Արցախի կառավարության ներկայությունը ձեզ համար վտանգ ներկայացնում»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ հետաքրքրվեց Օհանյանը։
«Մենք աշխատանքների ընթացքում է, որ բացել ենք ԼՂ-ի բանակցային գործընթացի հետ կապված շերտեր, որոնք խորը, մութ ու հեռու անկյուններում թաքցված ու հասանելի չեն եղել։ Ինչ-որ ես ասում եմ, ես փաստերով եմ ասում։ Ասեք, որ էս մի փաստաթղթում էդ չի գրված, այլ կերպ է գրված, ես էլ գնամ նորից նայեմ, չնայած, ես այնքան շատ եմ այդ թղթերը կարդացել․․․
Իսկ ինչ վերաբերում է ԼՂ ներկայացուցիչներին, կամ ինչպես ես ասացի՝ նախկին վերնախավի ներկայացուցիչներին, մենք ապացույցներ ու տվյալներ ունենք, որ ԼՂ ներկայացուցիչների մի շրջանակ, խումբ, այնուամենայնիվ, ԼՂ-ում քննարկումների ընթացքում ներկայացրել է, որ եթե մենք շարունակենք այս ճանապարհով գնալ, լինելու է սա, սա, սա։ Եվ ձեր ասած շրջանակը չի արձագանքել դրան, ո՞րն էր իրենց պլանը։ Եվ մենք այսօր նյութեր ունենք, թե որն էր իրենց պլանը․ ասում էին՝ լավ, էստեղ չի լինում, կգնանք ՀՀ-ում իշխանություն կվերցնենք»,-հայտարարեց Փաշինյանը։
Դիմելով Օհանյանին՝ Փաշինյանն ասաց, որ նա էլ այդ մասին գիտի.«Ոչ միայն գիտեիք դրա մասին, այլև ձեր ոգևորությունը չէիք թաքցնում։ Ձեր քաղաքական թիմը չէր թաքցնում ոգևորությունը ԼՂ հրաժարականների առիթով, բայց հրաժարական տվողները գոնե ասում էին, թե ինչ է լինելու հաջորդիվ»։
Այս և ԱԺ պատգամավորների հետ Նիկոլ Փաշինյանի այլ հարց ու պատասխանները՝ տեսանյութում։