Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը․ «Պատկերացնո՞ւմ եք, Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվի, թե պատրաստվո՞ւմ է նա արտահերթ ընտրության, ու հնչի պատասխան՝ այո, ես պատրաստվում եմ արտահերթ ընտրության:
Արտահերթ ընտրությունն արտահերթ է առաջին հերթին նրանով, որ դրա մասին չի հայտարարվում նախապես: Օրինակ, 2021 թվականի խորհրդարանի ընտրությունը արտահերթ համարելը կլինի ըստ էության խիստ պայմանական: Այն արտահերթ էր ֆորմալ առումով, իսկ դե ֆակտո՝ դա հերթական տրամաբանական ընտրություն էր, որովհետև նախորդից հետո արմատապես փոխվել էր իրավիճակ, և հետևաբար չէր կարող իրադրությունը մնալ նախորդ ընտրությանը բնորոշ ստատուս-քվոյով:
Նույնը մեծ հաշվով վերաբերում է 2018-ի դեկտեմբերի ընտրությանը, որը ևս՝ ըստ էության նախապես հայտարարված արտահերթ էր:
Հետևաբար, եթե մենք խոսում ենք իրապես արտահերթ ընտրության մասին, ապա այն չի կարող լինել վաղորոք հայտարարված: Այն պետք է հասունանա, պետք է ստեղծվի դրան բերող իրավիճակ, ընդ որում թե ներքին, թե արտաքին:
Կամ, կլինի այնպես, ինչպես 2018-ին եւ 2021-ին: Այսինքն, կլինեն այնպիսի փոփոխություններ, որոնք հետո արդեն կպահանջեն ֆորմալացում արտահերթ ընտրական պրոցեսի միջոցով ձևավորվող նոր ստատուս-քվոյի տեսքով:
Վերադառնալով սկիզբ, խիստ միամիտ է մտածել, թե Նիկոլ Փաշինյանը որևէ արտահերթի սցենար պատկերացնելու պարագայում հայտարարելու էր դրա մասին:
Դա չի նշանակում, որ նա թաքցնում է ինչ որ սցենար, բայց աներկբա գնալու է արտահերթի: Ամենևին: Բայց, արտահերթի հնարավոր տարբերակի մասին դատել նրանով, թե՝ Փաշինյանը կպատասխանի այո կամ ոչ, կլինի շատ միամիտ:
Իսկ նրա նախընտրական ռեժիմն ակնհայտ է»: