▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերը հոգի´ն է, որ սահմանների փշալարերով երբեք չե´ս բանտի...Ռուզաննա Խաչատրյան

...Մերը հոգի´ն է՝

Սերնդեսերունդ անշեջ թևածող,
Վերջին շնչում իսկ՝ հազար կերպ առած նորի´ց պոռթկացող, 
Որ չես սպանի զենքով ու դիրքով, 
Չե´ս խլի երբեք գիր ու կնիքով 
Եվ սահմանների փշալարերով երբեք չե´ս բանտի: 
Մերը հոգի´ն է...

Այսօր ես պատիվ ունեցա հյուրընկալելու հայազգի մեծանուն մտավորականներ ՀՀ ժողովրդական արտիստ, երգահան, բանաստեղծ, լրագրող Սասուն Պասկևիչյանին, ՀՀ վաստակավոր լրագրող, հաղորդավար, մեկնաբան Վարուժան Օլքինյանին, Երևանի գրողների միության նախագահ, «Նոր-Դար» գրական ամսագրի խմբագիր Աբգար Ափինյանին: Հանդիպումն սկսվեց սիրված երգահանի ոգեղեն խոսքով, հետաքրքիր մտորումներով, կատարումներով, որը ժամանակ առ ժամանակ իր հրաշալի բարիտոնով ընդհատում էր Վարուժան Օլքինյանը ՝ կարևորելով Գրիգոր Նարեկացու ժառանգությունը քրիստոնեության, մարդու դաստիարակության, արժեհամակարգերի ձևավորման, էության կայացման հարցում:

Այնուհետև մեզ միացավ Աբգար Ափինյանը, որը «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» գրադարանին նվիրեց «Նոր-Դար» գրական ամսագրի հրապարակումը ՝ նվիրված Մարո Մարգարյանի հոբելյանական 100-րդ տարեդարձին: Մեր գրադարանը հարստացավ նաև Սասուն Պասկևիչյանի հրաշալի երգերի և Վարուժան Օլքինյանի ընթերցմամբ՝ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ձայնասկավառակներով: 
Այնքան ներշնչանք ու ջերմություն կար նրանցից յուրաքանչյուրի մեջ, սեր ու նվիրում՝ հայոց զինվորի հանդեպ, մեծարանք՝ ժողովրդին զինվոր պարգևող մորը… 
Մեզնից և ոչ մեկը չզգաց, թե ինչպես թռավ ժամանակը, եկավ հրաժեշտ տալու պահը, իսկ դեռ այնքան բան կար միմյանց ասելու...

Հ.Գ.
«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, «Հանուն զինվորի առողջության» ծրագրի շրջանակներում, շարունակում է հանդիպում-քննարկումները հայ մեծանուն արվեստագետների, մտավորականների, հասարակական գործիչների հետ, ովքեր նույնպես, լինելով մտահոգ զինվորի առողջության պահպանման, բուժման խնդիրներով և հետևելով «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանի գործունեությանը, իրենց զորակցությունն են հայտնում նրան և պատրաստակամությունը՝ «Հանուն զինվորի առողջության» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին մասնակցելու, աջակցելու վերաբերյալ:
Հանդիպումները կներկայացվեն «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ amda.am կայքի՝ «Ասոցիացիայի նախագահ», «Մերը հոգին է» խորագրերի ներքո և «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջում:

 

Ռուզաննա Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее